Նոր հարկային օրենսգիրքը ենթադրում է եկամուտների կրճատում, ընդհանուր աղքատության խորացում. տնտեսագետ

274

Նոր հարկային օրենսգիրքը ենթադրում է հարկային բեռի ավելացում, իսկ դա ենթադրում է եկամուտների կրճատում, ընդհանուր աղքատության խորացում, ու դա տնտեսական աճի դանդաղման համատեքստում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը՝ հավելելով, որ հարկային օրենսգիրքը ծանրացնում է հարկային բեռը թե տնտեսվարողների, թե սովորական քաղաքացիների վրա:

«Ճիշտ է մոտեցումը, որ հարկային օրենսգիրքը պետք է բխի տնտեսական քաղաքականությունից, հարկերով զբաղվելը արվեստ է, որի միջոցով պետք է կարողանաս տնտեսական գործընթացները դարձնել ավելի սահուն: Այսինքն պետք է լինի ռազմավարություն, որը հիմա չկա»,-ասաց նա:

Տնտեսագետի խոսքով, լավ կյանքից չէ, որ կառավարությունը նման հարկային օրենսգիրք է ներկայացնում. «Այս օրենսգրքի նպատակը հարկաբյուջետային կայունություն ապահովելն է: Այսինքն գիտենք, որ վերջին տարիներին Հայաստանն բավականին ավելացրել է արտաքին պարտքի բեռը եւ դրա սպասարկումը շատ է ծանրացել: Քանի որ տնտեսական աճի տեմպերը եւս դանդաղել են եւ ռիսկերը շարունակում են մնալ, դեռ ավելացել են նորերը, նշանակում է, որ դժվար կլինի այդ պարտքը սպասարկել, եւ վարկատուները, որոնք պիտի պարտք տան Հայաստանին հաշվարկում են բոլոր այդ ռիսկերը: Եթե երկիրը չկարողանա ցույց տալ, որ բյուջետային մուտքերն ապահովում է, կարողանում է եկամուտներ ապահովել, դժվար կլինի լրացուցիչ պարտք վերցնել, եղածն էլ՝ մարել»,-կարծիք հայտնեց Աշոտ Եղիազարյանը:

Հարցին, թե այս պայմաններում ինչ պետք է անի Հայաստանի կառավարությունը, տնտեսագետը պատասխանեց. «Առաջին քայլը, որ արել է կառավարություն, 2017-ի բյուջեի ծախսային մասը 100 մլրդ դրամով կրճատելու որոշում կայացնելն է: Սա նշանակում է, որ մենք այդ չափով կրճատել ենք լրացուցիչ պարտքեր ներգրավելու անհրաժեշտությունը: Սա հարկադրված քայլ է, որովհետեւ եթե չկրճատես, չես ապահովի համապատասխան մուտքեր, պետք է լրացուցիչ պարտք ներգրավես»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ