Հայ-ճապոնական փոխգործակցությունը շարունակվում է

746

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ստորագրվեց ՀՀ-ում հրշեջ-փրկարարական գույքի բարելավման հայ-ճապոնական ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության վերաբերյալ արձանագրություն:

Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) գլխավոր տնօրենի ավագ խորհրդական և փորձագիտական խմբի ղեկավար Հիրոյուկի Հայաշին:

«Հրշեջ սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է արդիականացնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների գույքը և ավտոմեքենաները, ինչը կնպաստի նշված մարզերի տնտեսական և սոցիալական զարգացմանը:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրել 36 հրշեջ մեքենա և 3 ավտոսանդուղք, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական բազան:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, ողջունելով ճապոնացի գործընկերներին, մասնավորապես նշեց.

– Այս դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի Հայաստանի 3 մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատների վերազինմանը և կարողությունների հզորացմանը: Մենք շնորհակալ ենք Ճապոնիայի կառավարությանը արդյունավետ ու թիրախային աջակցության համար և հուսով ենք, որ մեր համագործակցությունն այս անգամ ևս կլինի նույնքան արդյունավետ ու երկարատև:

Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) գլխավոր տնօրենի ավագ խորհրդական և փորձագիտական խմբի ղեկավար Հիրոյուկի Հայաշին շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ գործընկերներին Ճապոնիայի հետ համագործակցությանը բարձր գնահատական տալու համար.

– Շատ ուրախ եմ հարուստ պատմություն ունեցող այս երկիր գալու համար: Ուրախ եմ նաև, որ մեր համատեղ ծրագրերը ցանկալի արդյունք են տվել: Մենք հավաստիացանք, որ Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված սեյսմիկ կայանները ծառայում են իրենց նպատակին և սրտացավորեն պահպանվում: Կարծում եմ, որ դրամաշնորհային այս ծրագիրը ևս կարևոր քայլ է երկու երկրների արդյունավետ համագործակցության համար:

Հավելենք, որ 2010 թ. «Երևան քաղաքի հրշեջ գույքի բարելավում» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ԱԻ նախարարությանը նվիրաբերվել է 28 նոր հրշեջ-փրկարարական մեքենա:

2010-2012 թթ. «Հայաստանում սեյսմիկ ռիսկի գնահատում և կառավարման պլանավորում» համատեղ ծրագրի շրջանակներում ճապոնացիների աջակցությամբ`

• գնահատվել է Երևանի սեյսմիկ վտանգը և մշակվել մայրաքաղաքում հնարավոր ուժեղ երկրաշարժի սցենարը,
• վերլուծվել է Երևանի շենք-շինությունների խոցելիությունը,
• պատրաստվել է սեյսմիկ աղետի կառավարման պլան,
• ներդրվել է Երևանում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր համակարգ` հիմնված 5 ժամանակակից թվային սեյսմոգրաֆների վրա, որոնց տվյալները գրանցվում են ՃԿԱԿ-ում։

2014 թ. ԱԻ նախարարությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) իրականացնում են «Հայաստանում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրը:

Հայ-ճապոնական փոխգործակցության շնորհիվ ՀՀ ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով գործուղվել են Ճապոնիա:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ