Ես դատի եմ տվել Թուրքիային․Կարո Փայլան

344

tert.am

Ես դատի եմ տվել Թուրքիային․ Tert.am-ի հետ բացառիկ զրույցում այսպես ասաց Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդադեմոկրատական կուսակցության  հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դատի տալու  մասին:

Նա նշեց, որ Էրդողանը իր հայտարարություններում օգտագործում է հակահայկական արտահայտություններ՝ հայերին ներկայացնելով որպես թշնամիներ:

Հիշեցնենք, որ հայազգի պատգամավորին զայրացրել էին Էրդողանի` տրապիզոնյան հանրահավաքի ընթացքում արած մի շարք ռասիստական հայտարարությունները:

Նա դեռ երեկ թվիթերյան իր էջում հայտնել էր, որ պատրաստվում է դատի տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Իսկ այսօր նույն սոցցանցի իր էջում արդեն հայտնել էր, որ պաշտոնապես դատի է տվել Թուրքիայի նախագահին:

Խոսելով դատից սպասելիքներից՝ Կարո Փայլանը միանգամից նշեց, որ ինքը Թուրքիայի դատարանից արդարություն չի էլ ակնկալում, քանի որ այն լուրջ կախվածություն ունի երկրի ղեկավարից: «Այն չի կարող Էրդողանի դեմ որոշում ընդունել, չունի այդ ազատությունը»,- ասաց նա:

Նշեց, որ իրեն Թուրքիայում բազմաթիվ դեմոկրատներ են աջակցում․ «Ես ազգայնականներից նման բան չեմ սպասում: Ազգայնականները մշտապես օգտագործում են հակահայկական հայտարարություններ»,- ասաց նա:

Կարո Փայլանը բացատրեց պայքարի իր ձևը․«Ես միշտ օգտագործելու եմ իմ հնարավորությունները՝ խորհրդարանը, լրատվամիջոցները, սոցցանցերը՝ դադարեցնելու հայերի դեմ նրա հայտարարությունները, ըստ որոնց՝ հայերը թշնամիներ են»:

Հարցին, թե չի վախենում, որ թուրքական իշխանությունները հաշվեհարդար կտեսնեն նրանից, ստամբուլահայ պատգամավորը պատասխանեց․«Ես չեմ վախենում այս պայքարում, ամեն օր Թուրքիայում մարդիկ են մահանում: Ես չեմ կարող դա ասել: Մենք պետք է բարձրաձայնենք մեր խնդիրների մասին: Ես ունեմ միլիոնավոր աջակիցներ Թուրքիայում և պետք է նրանց լսելի դարձնեմ խնդիրները․ եթե ես լռեմ, ռիսկի կենթարկեմ իմ ինքնությունը: Վերցնենք Հրանտ Դինքին և Ռուբեն Սևակին, նրանք չլռեցին: Եթե դու ճշմարիտ ես, չպետք է լռես: Ես և հայ համայնքը  ճշմարիտ ենք, և իրավունք ունենք խոսելու»:

Կարո Փայլանը նորից շեշտեց, որ չի վստահում Թուրքիայի արդարադատության համակարգին։ «Եթե Թուրքիայում ես այս դատը չշահեմ, դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- եզրափակեց իր խոսքը նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ