Խորհրդակցություն ԱԻՆ-ում. ձկնորսների որոնման աշխատանքները չեն դադարի

475

Նոյեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հաշվետու ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 137 դեպքի:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանն անդրադարձավ եղանակային կանխատեսումներին: Նոյեմբերի 10-ից հանրապետության տարածք կներթափանցեն տաք հոսանքներ, ջերմաստիճանը կբարձրանա և կպահպանվի առանց տեղումների եղանակ:

ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Ն. Վանեցյանը զեկուցեց նոյեմբերի 1-2-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում PPRD East 2 ծրագրի շրջանակներում անցկացված «Համագործակցություն լրագրողների և հաղորդակցություն փորձագետների հետ» խորագրով տարածաշրջանային աշխատաժողովի ընթացքի և արդյունքների մասին: Ներկայացվեց մասնակից պետությունների փորձագետների ու ոլորտի մասնագետների՝ իրենց երկրներում ԶԼՄ-ների հետ համագործակցության միջոցով աղետների կառավարման մեխանիզմների կիրառումը:

Նույն համաժողովին մասնակցություն ունեցած Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ն. Գնդոյանն իր զեկույցում անդրադարձավ աշխատաժողովի ընթացքում քննարկված արտակարգ իրավիճակների ժամանակ լրագրողների հետ համագործակցության խնդիրներին ու հրամայականներին:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ճանապարհների անցանելիության մասին։

Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը նշեց, որ շարունակվում են մարզի Նորատուս գյուղի երկու ձկնորսների որոնողական աշխատանքները: Նոյեմբերի 6–ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ ջրասուզակները հայտնաբերել են երիտասարդների մոտորանավակը: Որոնողական աշխատանքները տարվում են նաև հեռակառավարվող «Գնոմ» սարքի օգնությամբ, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության և նկարահանումների համար` մինչև 120 մ խորության վրա:

Նախարար Երիցյանը հանձնարարեց չդադարեցնել որոնողական աշխատանքները՝ մինչև ձկնորսների հայտնաբերումը:

ՀՀ ԱԻ նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար՝ նախարար Ա. Երիցյանի հրամանով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրեն Գառնիկ Մովսիսյանը պարգևատրվեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

Երկարամյա ծառայության, ինչպես նաև՝ ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար՝ նախարար Երիցյանի հրամանով ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի տեղակալ-գլխավոր տեսուչի տեղակալ Ռուբեն Խաչունցը պարգևատրվեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

Նախարար Երիցյանի մեկ այլ հրամանով՝ երկարամյա ծառայության, ինչպես նաև՝ ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար և ծննդյան 60 ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետաքննության և վարչական վարույթի բաժնի պետ-ավագ տեսուչ Աշոտ Ղուկասյանը ևս պարգևատրվեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ