Մի քիչ կուլտուրա ունեցեք, առավոտյան սուրճի հրավիրեք, խորհրդակցեք. Հրանտ Բագրատյան

444

Իհարկե, զոհված ազատամարտիկների հարցը պետք է լուծել եւ դա լավ է, որ նման փորձ է կատարվում, բայց ափսոսս գալիս է, որ նման օրինագիծ է ներկայացվում, որը միայն երկու կետով հակասում է Սահմանադրությանը եւ 3 այլ օրենքների: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագծի քվեարկությունից առաջ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Եկեք վերջապես մի քիչ կուլտուրա ունենանք եւ նման օրինագիծ ներկայացնելիս բանի տեղ դնենք մարդկանց, մի օր առավոտյան սուրճի հրավիրենք, խորհրդակցենք, նոր ներկայացնենք նման օրինագծերը: Այդ կուլտուրան չի գալիս կառավարության, իշխող մեծամասնության մոտ: Դուք ձեզ հզոր եք կարծում: Ցավում եմ, որ չեմ մասնակցելու քվեարկությանը»,-հայտարարեց նա:

Նշենք, որ օրինագծին առաջին ընթերցմամբ ընդունվեց 102 կողմ, 3 դեմ ձայներով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին:

Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն:

2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ