Ուրախ կլինենք, եթե մի օր Aurora մրցանակը թուրք ստանա, ում գործունեությունը կհամապատասխանի մեր մրցանակի չափորոշիչներին. Ռուբեն Վարդանյան

977

Aurora Prize-ն է՛լ ավելի մասշտաբային ստացվեց, քան նախապես մտածվել էր։ Այդ մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար, «Սկոլկովո» մոսկովյան կառավարման դպրոցի համահիմնադիր, UWC Dilijan College-ի հիմնադիր-գործընկեր, 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ Aurora մրցանակը շնորհվում է մարդկային կյանքեր փրկելու և մարդասիրության գաղափարներ տարածելու գործում բացառիկ ներդրման համար:

«Ի սկզբանե ցանկանում էինք օգնել հայերին հաղթահարել 1915 թվականի ցեղասպանությունից հետո մեր ժողովրդին հետապնդող զոհի բարդույթը, շատ խորը ներքին ցավ: Մենք ցանկանում էինք աշխարհին ցույց տալ օրինակ առ այն, թե ինչպես են սարսափելի ողբերգություն ապրած մարդիկ, ողջ մնալով և ոտքի կանգնելով, պատրաստ օգնել և օգնություն տրամադրել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- պատմել է նա:

«Բայց շուտով պարզ դարձավ, որ այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն այդ թեման ակտուալ են դարձնում յուրաքանչյուրի համար: Մեր բոլոր նախագծերը կարելի է բնութագրել glocal բառով, որը համաշխարհայինի և լոկալի համակցությունն է: Aurora-ի նման նախաձեռնությունը դա լավ ցուցադրում է»,- շարունակել է գործարարը:

Ռուբեն Վարդանյանը պատմել է, որ երբ սկսեցին ստանալ մարդկային կյանքեր փրկած մարդկանց պատմությունները, նրանց շնորհակալություն հայտնելու ցանկություն առաջացավ: Նրա խոսքով՝ դրանք մեծահոգության և քաջության, մարդասիրության հաղթանակի յուրահատուկ օրինակներ են: Ինչ վերաբերում է հենց մրցանակին, մասնավորեցրել է նա, ապա մրցանակակիրը ստանում է 100 հազար դոլարի դրամաշնորհ, և ևս 1 միլիոն դոլար, որը նա կարող է փոխանցել նրանց, ովքեր ոգեշնչել են իրեն մարդասիրական գործունեության համար: «Դրանում է հիմնական իմաստը: Ստացվեց յուրահատուկ մոդել, իր տեսակի մեջ perpetuum mobile»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Գործարարը նշել է, որ մրցանակի թեկնածուների համար չկան աշխարհագրական, թեմատիկ կամ ազգային սահմանափակումներ: «Ուրախ կլինենք, եթե մի օր մրցանակը թուրք ստանա, ում գործունեությունը կհամապատասխանի մեր մրցանակի չափորոշիչներին: Ցանկանում եմ ընդգծել՝ ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերը՝ մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, չենք մասնակցում հաղթողի ընտրության վերաբերյալ որոշման կայացմանը: Դա անում են ընտրական հանձնաժողովի ինը անդամները, որոնց թվում միայն մեկ հայ կա՝ Նյու Յորքում Քարնեգի կորպորացիան գլխավորող և ակադեմիական աշխարհում առավել հարգված գործիչներից մեկը՝ Վարդան Գրեգորյանը»,- նշել է նախաձեռնության համահիմնադիրը:

Նա նշել է նաև հանձնաժողովի մյուս անդամներին՝ Խաղաղության նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ, Լիբերիայից, Պակիստանից և Իրանից հայտնի իրավապաշտպան, Ավստրալիայից մարդասիրական ակտիվիստ, Իռլանդիայի, Կոստա Ռիկայի և Մեքսիկայի նախկին նախագահներ, դերասան, ռեժիսոր և բարերար Ջորջ Քլունին: Ռուբեն Վարդանյանը նշել է նաև, որ հանձնաժողովի առաջին համանախագահը եղել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը:

«Փորձում ենք գտնել և առանձնացնել նրանց, ովքեր պատահաբար չեն ինչ-որ մեկին փրկել, այլ դա արել են գիտակցված՝ իրենց կյանքը վտանգի ենթարկելով»,- ասել է նա:

«Աշխարհում շատ տարբեր մրցանակներ կան, բայց մարդկային արժեքների ոլորտում նման մրցանակներ չկան: Մեր Aurora Prize for Awakening Humanity-ն ամենախոշորն է»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ