Ռուբիկ Հակոբյանը ներողություն խնդրեց ոչ թե լրագրողից, այլ խորհրդարանից

430

ԱԺ-ն իր աշխատանքների մեկնարկը սկսեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի՝ վարման կարգով ելույթով: Ռուբիկ Հակոբյանը երեկ իր մասնակցությամբ տեղի ունեցածը որակեց տհաճ միջադեպ:

Հիշեցնենք, որ Ռուբիկ Հակոբյանը խորհրդարանում հարվածել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին:

«Ցավ եմ զգում, որ այդ պատճառով որոշ լրատվական կայքեր, կազմակերպություններ ոչ դրական գնահատական են տվել խորհրդարանին: Մյուս կողմը՝այդ միջադեպին լրագրող չի եղել, այլ խուլիգան է եղել, որի հետագա գործունեությունը փորձել եմ կանխել»,-ասաց նա:

Պատգամավորը ներողություն խնդրեց ոչ թե լրագրողից, այլ խորհրդարանից, իսկ լրատվական դաշտին կոչ արեց հասկանալ, թե ովքեր են գործող որոշ լրագրողները:

«Հարգելի՛ լրատվական դաշտ, ճիշտ եք անում, որ քննադատում եք բռնությունը, բայց կխնդրեի, որ այն լրագրողները, որ պատվեր են կատարում խմբագրի, թերթի, մի քիչ ուսումնասիրեք, տեսեք՝ իրավունք ունե՞ն լրագրությամբ զբաղվել, թե ոչ: Բարձր եմ գնահատում լրագրությունը, կուզենամ, որ այդ դաշտում լինեն լրագրողներ և ոչ թե բանսարկու, տգետ անձինք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վահե Մակարյանը երեկ միջադեպից հետո ասել էր, որ պատգամավորը ագրեսիվ է պատասխանել իր հարցին և այնուհետև կանչել զրուցելու. «Ես հարցրեցի Ռուբիկ Հակոբյանին, թե Դաշնակցության այն գաղափարախոսությունը , որ կրում եք Ձեր մեջ, ո՞րն է։ Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, որ եթե նույնիսկ 27 անգամ էլ իմ հարցին պատասխանի, միևնույն է՝ ես չեմ հասկանա: Ասաց՝ գնա Դաշնակցության մասին գրքերը կարդա և գաղափարախոսությունը կիմանաս»:

Վահե Մակարյանի խոսքով՝ այնուհետև Ռուբիկ Հակոբյանն իրեն կանչել է զրուցելու և «կուլտուրա» բացատրելու. «Բա՝ հլը արի տեսնեմ, թե ում ես բացատրում, տղայական ռազբորկայի կանչեց: Եկանք մի հատված, որտեղ տեսախցիկներ չկան: Հարցրեց, մինչև փորձում էի բացատրել, խոսքս կիսատ մնաց, մի բառ էլ չէի հասցրել ասել՝  հայհոյեց ու խփեց դեմքիս:  Չէի սպասում, որ եկել էի ոչ թե զրուցելու, այլ կռիվ անելու խորհրդարանում»:

Վահե Մակարյանն ասել էր նաև, որ հարվածելուց հետո պատգամավորը սպառնացել է իրեն և աստիճանների մոտ տեսնելով՝ ասել է, որ «էսի սրանով չի պրծնի». «Մի հատ իրեն հարցրեք, թե էլ ի՞նչ պատիժ է սպառնում ինձ: Գուցե մա՞րդ է կանչելու, որ ինձ մուտքի մոտ ծեծեն, նորի՞ց է կանչելու հաշվեհարդարի, գուցե որոշել է դանակահարել կամ զենքով խփել»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ