Մեկանգամյա արտոնություն կտրվի ավտոսեփականատերերին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից

803

2016 թվականի սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ համակարգն անցել է Ապահովադիրների (ավտոսեփականատերերի) վրա հիմնված բունուս-մալուս համակարգին, ինչպես նաեւ, հիմք ընդունելով ԱՊՊԱ ոլորտի առաջին 5 տարիների վիճակագրությունը, կատարվել են սակագների հաշվարկում կիրառվող ռիսկայնության գործակիցների ճշգրտումներ (առանձին գործակիցներ բարձրացվել են, մյուսները՝ իջեցվել կամ թողնվել անփոփոխ, իսկ որոշ գործոններ չեզոքացվել են սակագների հաշվարկում): Այս մասին  տեղեկացնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն:

Կատարված փոփոխությունների արդյունքում՝

1. հանրային տրանսպորտի ոլորտում շահագործվող տրանսպորտային միջոցների շուրջ 80%-ի մոտ բազային ապահովագրավճարի մեծությունը չի փոփոխվել, իսկ մոտ 20%-ի մոտ բազային ապահովագրավճարը նվազել է տարեկան մինչեւ 28.000 դրամի չափով,

2. տաքսիի ոլորտում շահագործվող տրանսպորտային միջոցների շուրջ 71%-ի մոտ բազային ապահովագրավճարի մեծությունն աճել է տարեկան մինչեւ մոտ 28.600 դրամի չափով, իսկ մոտ 29%-ի մոտ բազային ապահովագրավճարը նվազել է տարեկան մինչեւ մոտ 17.000 դրամի չափով:

Ընդ որում, նշված բոլոր դեպքերում նվազած, անփոփոխ կամ ավելացված ապահովագրավճարի շրջանակներում ավտոսեփականատերերին պատկանող բոլոր տրանսպորտային միջոցները համարվել են համապատասխան կարգի վարորդական իրավունք ունեցող անսահմանափակ թվով վարորդների վարման հնարավորությամբ պատշաճ ապահովագրված:

Միեւնույն ժամանակ՝ ավտոսեփականատերերի Բունուս-Մալուս համակարգին անցմամբ պայմանավորված հանրային տրանսպորտի եւ տաքսիների ոլորտում վթարների մեծ քանակ ունեցող մեկից ավելի ավտոմեքենաների սեփականատերերը հայտնվել են բարձր մալուսային դասերում, որը հանգեցրել է տվյալ անձանց համար վերջնական ապահովագրավճարի բարձրացման, ինչն առաջացրել է որոշակի անցումային ցնցումներ եւ լարվածություն: Հարկ ենք համարում ընդգծել, որ՝

1. իրականում անցման արդյունքում ստացված պատկերը օբյեկտիվ է, հիմնավորված եւ արդար, քանի որ արտացոլում է ինչպես տաքսի եւ հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրներն, այնպես էլ տվյալ ավտոսեփականատերերի պատահարների իրական վիճակագրությունը եւ իրենց գործընթացների կառավարման անարդյունավետությունը:

Ստացված պատկերն ըստ էության ապահովում է ավտոսեփականատերերի ռիսկայնությանը համապատասխան ապահովագրավճարների գանձումը՝ ավելի բարձր ռիսկային խմբերի համար սահմանելով ավելի բարձր եւ ավելի ցածր ռիսկայինների համար՝ ավելի ցածր ապահովագրավճարներ:

2. տվյալ սեփականատերերի բարձր մալուսային դասերում հայտնվելը վկայում է, որ այդ անձանց կառավարման ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն, իրականում ունենալով վթարների բարձր վիճակագրություն, ԱՊՊԱ համակարգի նախորդ՝ վարորդների պատմության վրա հիմնված բոնուս-մալուս համակարգի շրջանակներում շարունակել են ապահովագրվել բոնուսային կամ ավելի ցածր մալուսային դասերով, ինչը կարող է վկայել իրականությանը չհամապատասխանող վարորդների հայտարարագրման կամ վարորդներ փոխելու բավական բարձր վիճակագրության մասին (իրական կամ հայտարարված):

Այնուհանդերձ՝ հաշվի առնելով առկա մի շարք սոցիալական խնդիրները, ինչպես նաեւ այն, որ հանրային տրանսպորտի եւ տաքսիի ոլորտների խնդիրները մեր հանրության համար ներկայումս բավական զգայուն են՝ Բյուրոյի խորհուրդը որոշել է եւ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է կանոններ հանրային տրանսպորտի եւ տաքսիների ոլորտում մեկից ավելի ավտոմեքենա ունեցող եւ մալուսային դասերում գտնվող Ապահովադիրներին ի հաշիվ ԱՊՊԱ համակարգի 4 մալուսային դասերի նվազեցման միջոցով մեկանգամյա արտոնություն տրամադրելու վերաբերյալ (մեկանգամյա արտոնություն տրամադրելու կանոնների մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով՝ http://paap.am/datas/zdocs/5da8d25a91c8bae411305ff2154726c1.pdf ):

Տրամադրված արտոնությունը սահմանող կանոններն ուժի մեջ են մտնում 2016 թվականի դեկտեմբերի 12-ին եւ տարածվելու են դրանից հետո կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի նկատմամբ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ