Երբ խոսում են քաղաքական դիակները

801

Երբ որևէ վաղուց մոռացված քաղաքական գործչի հրավիրում են հարցազրույցի, նրան թվում է, թե իրենից ինչ-որ կարևոր գործոն է ներկայացնում: Այդ տպավորությունը երբեմն կարող է այնքան ուժեղ լինել, որ գործիչը իրեն թույլ տա անհարիր գնահատականներ իրենից շատ ավելի հեղինակավոր գործիչների մասին, իրեն իրավունք վերապահի խոսել ոչ թե իր կամ որևէ խմբակի, այլ ամբողջ հանրության անունից և այլն: Մի խոսքով, սեփական անձը գերագնահատելուց առաջացած վարք:
Այստեղ իհարկե մեղքի իրենց բաժինն ունեն նաև լրատվամիջոցները, որոնք դաշտ են բերում նման սպառված գործիչների, բայց լրատվամիջոցների գործը հարց տալն է, իսկ հարցին հնչեցրած պատասխանի բովանդակության համար արդեն պատասխանատու է միայն գործիչը:
Նման մոռացված ու վաղուց քաղաքական դաշտից դուրս նետված գործիչներից է նաև Աղասի Արշակյանը, ով վերջերս կարծիք է հայտնել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին և ասել է, թե Ծառուկյանի վերադարձը օգուտ չի բերելու ո՛չ իրեն, ո՛չ էլ հասարակությանը:
Թե որքանով Աղասի Արշակյանը բարոյական իրավունք ունի գնահատել Գագիկ Ծառուկյանի վերադարձը, թող դատի ընթերցողը: Աղասի Արշակյանը, որն այսօր ունի զրոյական ժողովրդականություն, զրոյական վարկանիշ, մոռացված դեմք է, որի գոյության մասին մենակ լրատվամիջոցներն են հիշեցնում, փորձում է գնահատական տալ այնպիսի գործչի, որն այսօր ջերմ ընդունելության է արժանանում Հայաստանի ցանկացած բնակավայրում, սիրված է հասարակության կողմից, հայտնի է իր անհամար բարեգործություններով: Համեմատությունն անգամ ծիծաղելի է:
Մյուս կողմից ի՞նչ իրավունք ունի Աղասի Արշակյանը խոսել ամբողջ հասարակության անունից, հասարակության փոխարեն որոշել, թե ինչն է նրա համար օգուտ բերող, ինչը՝ չէ: Անգամ ամենաբարձր վարկանիշ ունեցող լուրջ գործիչները իրենց իրավունք չեն վերապահում խոսել ամբողջ հասարակության անունից: Մյուս կողմից եթե միայն Աղասի Արշակյանը տեսներ, թե ինչ ընդունելության արժանացավ Գյումրիում գտնվող Գագիկ Ծառուկյանը, անմիջապես կհասկանար, որ իր խոսքերը սխալ են ու գրոշի արժեք չունեն:
Հուսով ենք, որ Աղասի Արշակյանը կրկին կանցնի մոռացության գիրկը, ինչպես կար, քանի որ նրա՝ իրականության հետ կապ չունեցող հայտարարությունները այսօր որևէ մեկի համար հետաքրքիր չեն:

Աղբյուր՝ Հերմինե Պողոսյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ