Հայտնաբերվել են կեղծ դեղեր ու բալզամ. հարուցվել են քրեական գործեր

643

Դեղերի պետական վերահսկողության լիազոր կառույցը՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը, նույն դեղատանը երկու անուն տեղական արտադրության կեղծ դեղ է հայտնաբերել` «Ֆուրացիլին» աչքի կաթիլներ 15 մլ և «Ֆուրացիլին» ականջի կաթիլներ 15 մլ, որոնք ուղարկվել են փորձաքննության:

Պարզվել է, որ նշված դեղերը մի շարք ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին, մասնավորապես, խախտված է եղել ստերիլության կետը։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tret.am –ին հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ  կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին մի շարք հանձնարարականներ տվեց դեղերի շուկայի կարգավորման վերաբերյալ` ասելով. «Կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել դեղերի շուկան, իրականացնել իրավական կարգավորումների վերլուծություն և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև միջոցառումների իրականացման ժամանակացույց»:

Երրորդ բացահայտված կեղծ դեղը եղել է «Ոսկե աստղ» բալզամը: Դեղարտադրող վիետնամական ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարությանը տեղեկացրել էր, որ հայկական շուկայում շրջանառվում է իր կողմից արտադրված դեղի կեղծված տարբերակը: Ահազանգի արդյունքում երեք դեղատանը հայտնաբերվել են կեղծված բալզամները։Այդ նյութերը նույնպես փոխանցվել են իրավապահ մարմիներին:

«Կեղծ դեղերի վերաբերյալ մտահոգությունը չի կարող չափազանցված լինել: Անկախ դրա դրսևորումից այն պետք է միշտ ոլորտի պատասխանատուների և հասարակության ուշադրության կենտրոնում լինի։  Կեղծ դեղերը վտանգավոր են ոչ միայն ուղղակի վնաս հասցնելու, այլև դեղից սպասվող ազդեցության (բուժման) բացակայության պարագայում հիվանդության զարգացման առումով։ Ուստի, նույնիսկ «անվնաս» կամ չեզոք նյութով կեղծված դեղը նույնպես վտանգավոր է»,- հայտնեց նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը:

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ  բրենդերի, հանրահայտ ապրանքանիշերի կեղծումը ներկա դարաշրջանի առանձնահատկություններից է:

Նախարարության լրատվականի ղեկավարի տեղեկացմամբ` կեղծ դեղերի բացահայտումը կատարվում է դեղերի գրանցման ընթացակարգերի պատշաճ պահմանման շնորհիվ՝ մասնավորապես, գրանցանմուշների հետ համեմատության և նույնականացման  միջոցով:

Նաև կարծում են, որ Հայաստանում կեղծված դեղերի արտադրության ծավալները չեն կարող մեծ լինել, քանի որ դեղերի ծանրակշիռ մասը բարդ տեխնոլոգիաների կիրառում է պահանջում, ինչը փոքր շուկայում չարդարացված մեծ ծախս է: Այլ բան է կեղծ դեղերի ներմուծումը, ինչին էլ ուղղված է դեղերի շրջանառության նկատմամբ պետական հսկողությունը Հայաստանում:

Նախարարությունում չեն բացառում, որ եթե դիտարկում ենք, որ ԵԱՏՄ տարածքից Հայաստան են ներմուծվում մեծածախ ծավալներով չգրանցված դեղեր և, ըստ էության, իրացվում են առանց ՀՀ ԱՆ կողմից տրված թույլտվության (համապատասխանության հավաստագրի), ապա հնարավոր է,որ դրանց մեջ կարող են լինել նաև կեղծ դեղեր:

Ներկայումս հիմնական խնդիրը կապված է չգրանցված դեղերի հետ, որի ներթափանցման վտանգը մեծացել է ԵԱՏՄ անդամակցությամբ, երբ անդամ երկրների տարածքից չգրանցված և առանց ՀՀ ԱՆ կողմից տրված համապատասխանության հավաստագրի  մեծածախ ծավալներով դեղեր են ներմուծվում և իրացվում հանրապետության տարածքում: Այդ դեպքում, երբ ներմուծող կազմակերպությունը դեղերը պահպանում է ոչ թե մաքսային պահեստներում (ինչպես դա կատարվում է երրորդ երկրներից կատարվող ներմուծումների ժամանակ), այլ միանգամից տեղափոխում է սեփական պահեստ, հնարավոր է դառնում ՀՀ շուկա արտերկրում արտադրված կեղծ դեղերի ներթափանցումը: ԵԱՏՄ-ից ներմուծումների ժամանակ ՀՀ պետական սահմանը հատելիս չի իրականացվել  մաքսային հսկողություն, հետևաբար արդեն իսկ  մեր երկրի շուկայում են հայտնվել չգրանցված դեղեր, որոնք չեն անցել համապատասխան փորձաքննություն:  Կեղծ դեղերի (երեք անուն) ներթափանցում ՀՀ շուկա արձանագրվել է նաև 2014 թվականին Վրաստանից՝ զուգահեռ ներմուծման ճանապարհով։ 5

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ