Նոր Նորքի հանրակացարանում ավագ եղբայրը դանակահարել է անչափահաս եղբորը

377

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվել է Գագիկ Պողոսյանի գործի դատական քննությունը:

19-ամյա Գագիկը մեղադրվում էր տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Գործով տուժողը Գագիկի անչափահաս եղբայրն է՝ 16-ամյա Ռուբենը: Գագիկի բազմանդամ ընտանիքը սոցիալապես անապահով է, ապրում են Նոր Նորքի հանրակացարաններից մեկում: Դատական նիստերին նրանք գալիս էին ամբողջ ընտանիքով…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի փետրվարի 12-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Գագիկը  վիճաբանել է եղբոր՝  Մաթևոսի հետ, նրա ուղղությամբ ծխախոտատուփ է նետել:

Տղաների վիճաբանությանը միջամտել ու նրանց փորձել է սաստել  մայրը՝ Եվան: Գագիկը, լինելով բորբոքված վիճակում, գոռգոռացել է մոր վրա ու  հրել է:

Գագիկի պահվածքից զայրացել է նրա անչափահաս եղբայր Ռուբենը, ով բռունցքով մեկ անգամ խփել է Գագիկի դեմքին:

Գագիկը ամբողջ զայրույթը տեղափոխել ու պարպել է Ռուբենի վրա: Նա վերցրել է հատակին ընկած հուշանվեր դանակը ու դանակով մեկ հարված է հասցրել անչափահաս եղբոր  գոտկային շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Դատարանում Գագիկ Պողոսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ 19-ամյա Գագիկը անապահով ընտանիքի միակ կերակրողն է: Նա, բացի եղբայրներից ու հիվանդ մայրիկից, արդեն ունի ի՛ր ընտանիքը՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է, կինն էլ հղի է:

Գագիկի մոտ նաև առողջական խնդիր է առկա՝ անձի շեշտվածություն: Հանցավոր արարքը կատարելիս նա գտնվել է հոգեկան լարված վիճակում:

Գագիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել անչափահաս եղբոր առողջությանը ծանր վնաս հասցնելու համար և դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ