Դոլարի ամրապնդում, եվրոյի թուլացում. 2017թ միտումները համաշխարհային ու Հայաստանի տնտեսություններում՝ ըստ տնտեսագետի

732

Դոլարի ամրապնդում, եվրոյի թուլացում, առհասարակ եվրոգոտու երկրների մեծ մասում պրոբլեմների սրում, գաղթականների հիմնախնդիր, ֆինանսական կայունության խաթարումներ, հատկապես պետական պարտքի, բյուջետային համակարգի պրոբլեմներ:

Սա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի հայացքն է 2017-ին սպասվող համաշխարհային իրադարձություններին ու հնարավոր զարգացումներին:

«Դրանք նախ պայմանավորված են ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտով և այդ երկրի քաղաքականության որոշակի փոփոխություններով, նաև՝ տնտեսական: Քանի որ, եթե միայն Թրամփի ներկայացրած նախընտրական ծրագրի հիմնական կետերն ու դրույթներն իրականցվեն, սա էական ազդեցություն է թողնելու ոչ միայն ամերիկյան, այլև ողջ աշխարհի տնտեսությունների վրա: Եվ արդեն իսկ դրա որոշակի ազդանշանները երևում են: Խոսքն առաջին հերթին կոնսերվատիվ քաղաքականութան, հովանավորչության, որոշակի տարրերի կիրառմամբ ԱՄՆ տնտեսության մեջ աշխատատեղերի կտրուկ ավելացման և նաև այս տեսանկյունից դոլարի կամ, առհասարակ, ֆեդերալ ռեզերվային համակարգի, այսպես ասած՝ քանական խստացման քաղաքականութան մասին է: Իր հնարավոր զարգացումներով, որ կարող է բերել դոլարի ամրապնդմանը»,- Tert.m-ի հետ զրույցում կանխատեսեց տնտեսագետը:

Սա, ըստ Ատոմ Մարգարյանի, նշանակում է ներդրումների ավելի ինտենսիվ հոսք դեպի ԱՄՆ, ինչպես նաև հիմնական համաշխարհային տնտեսական կենտրոնների միջև, հատկապես Չինաստանի հետ, մրցակցության սրացում:

Ինչպես վերը նշվեց, այս պրոցեսներին զուհահեռ կշարունակվի եվրոյի թուլացումը և, ընդհանրապես , եվրոգոտու պրոբլեմների սրումը:

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսություններին, ապա, ըստ Ատոմ Մարգարյանի, պետք ակնկալել հիմնական շուկաների, նախ և առաջ, էներգակիրների՝ նավթի, գունավոր մետաղների, պղնձի վաճառքի որոշակի աշխուժացում, որոշակի գնային ազդեցություններ՝ բարձրացման միտումով:
Իսկ սա նշանակում է նաև որոշակի անուղղակի ազդեցություն ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վրա:

Ատոմ Մարգարյանի հայացքով՝ Հայաստանի մասով տարվա առաջին կեսին հիմնական խնդիր-մարտահրավերը լինելու է ֆինանսական կայունության ապահովումը՝ հատկապես բյուջետային համակարգի հավասարակշռության: Այդ առումով քաղաքական գործոնները նպաստավոր չեն՝ Ատոմ Մարգարյանը նկատի ունի Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունները, որոնք ներդնողներին բացասական ազդակներ են փոխանցում:

«Եվ դա ակնհայտ է նույնիսկ 2016-ի արդյունքներով: Հետևաբար, այդ միտումները կշարունակվեն, և տնտեսական աճի այն կանխատեսումները որ կան՝ 3.2 տոկոսի չափով, բավական լավատեսական են»,-նշեց տնտեսագետը:

Ամփոփելով՝ նա ասում է, որ նկատի ունենալով բոլոր քաղաքական ռիսկերը՝ Հայաստանի տնտեսության համար դժվար է լուրջ դրական զարգացումներ կանխատեսել:

Նաև շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, ղարաբաղյան հարցի զարգացումները, հնարավոր սրացումները: Գործոններ, որոնք նույնպես, հատկապես ներդրողների համար դրական ազդակներ չեն կարող հանդիսանալ:

«Մյուս կողմից, եթե դիտարկում ենք միջնաժամկետ կտրվածքով, արդեն մյուս տարվա համար, այս նոր կառավարության ծրագրերի հետևողական իրականացումը կարող է հակակշել և հակազդել այդ բացասական ազդակներին : Եվ այս առումով հատկապես նկատի ունեմ տնտեսության ռեալ սեկտորում աշխատեղերի ավելացման, ներդրումների խթանման աշխուժացման, ստվերային տնտեսության կրճատման, անօրինական եկամուտների կամ դրանք քրեականացվող օրինագծի հետևողական կիրառման, հակակոռուպցիոն քայլերը»,–ասաց նա։

Սրանք քայլեր են, որոնք ըստ նրա, կարող են հակազդել բացասական միտումներին և ընդհանուր առմամբ ապահովել տնտեսական համակարգի կայունությունը, ինչու ոչ՝ որոշ տարրերի առումով նաև զարգացումը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ