Ծառուկյանի վերադարձը՝ քաղաքական դաշտի վերադասավորումների սկիզբ

728

Հայաստանում նախընտրական շրջանի հիմնական ինտրիգը այլևս լուծված է: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր` քաղաքականություն վերադարձի մասին և ասաց, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով: Այս հայտարարությունը ուղեկցվեց բուռն արձագանքներով լրատվամիջոցներում տարբեր քաղաքական գործիչների դիրքորոշումների և մեկնաբանությունների, վերլուծաբանների և քաղաքական մեկնաբանների վերլուծությունների տեսքով, ինչը միանգամայն սպասելի էր, քանի որ քաղաքական դաշտում հայտնվեց հայաստանյան քաղաքական դաշտի գերծանրքաշային գործիչներից մեկը, որն իր մուտքով զգալիերոն փոխեց քաղաքական դաշտի իրադրությունը:

Ներկայումս բազմաթիվ վերլուծաբաններ փորձում են հասկանալ, թե հայաստանյան ընտրազանգվածի որ հատվածն է իր քվեն տալու Ծառուկյանի դաշինքին, որ քաղաքական ուժերի ընտրազանգվածից է քվեներ ստանալու Գագիկ Ծառուկյանը, որ ուժերն են շահելու կամ կորցնելու նրա վերադարձից և այլն: Որքան էլ այս վերլուծությունները փորձեն պարզել ապագա խորհրդարանի դասավորությունը, տարբեր քաղաքական ուժերի ներկայացվածությունը և կշիռը, հստակ է մի բան. անկախ վերլուծություններից, կանխատեսումներից և տարբեր ուժերի կոնֆիգուրացիայից, ապագա խորհրդարանի դեմքը որոշելու է շարքային ընտրողը, և հենց այստեղ է, որ Գագիկ Ծառուկյանը ունի ամենամեծ ներուժը:

Ցանակացած ոք, ով հետևում է ՀՀ քաղաքական դաշտին և ծանոթ է հիմնական քաղաքական դերակատարների գործունեությանը, կարող է ասել, որ նրանց ճնշող մեծամասնությունը ընտրողի հետ աշխատում է ընտրությունից ընտրություն, հայտնվում նախընտրական քարոզարշավի ժամանակ, 1-2 ամսում փորձում հապճեպ ներկայացնել իր ծրագիրը, խոստանում անհնարինը՝ ընտրողի ուշադրությունը գրավելու, քվեն կորզելու համար, իսկ ընտրություններից հետո անհետանում, ընտրողին թողնելով իր ամենօրյա հոգսի, խնդիրների ու սոցիալական բեռի տակ: Ընտրողը հասկանում է, որ իր քվեն զուր է տվել որևէ ուժի, քանի որ նրա հետ կապված իր ակնկալիքները չեն իրականացել: Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում գործող դերակատարներն ունեն խոցելի տեղ: Նրանք չեն աշխատում ընտրողի հետ: Ընտրողին ծրագիրը ներկայացվում է ընդամենը մի քանի հարցազրույցների և ելույթների շնորհիվ, հաճախ անիրականանալի, անհիմն խոստումների և վարդագույն ապագայի տեսլականով: Եթե նախկինում այս մոտեցումը որոշակի պտուղներ տալիս էր, ապա այժմ ընտրողը դարձել է ավելի փորձառու, անցել մի շարք համապետական ընտրությունների միջով, հիմնավոր կարծիք կազմել բոլոր դերակատարների մասին: Հենց այստեղ է, որ ընտրողի հետ մշտապես աշխատելու, նրա կողքին լինելու, նրա խնդիրն ու հոգսը լսելու և դրանց լուծում տալու որևէ գործչի կարողությունն ու պատրաստակամությունը այսօր դառնում է քաղաքական ամենամեծ կապիտալը: Այս առումով Գագիկ Ծառուկյանն այսօր քաղաքական դաշտում չունի մրցակից: Ծառուկյանի ողջ կենսագրությունը փաստում է, որ նա ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ մշտապես եղել է հանրության կողքին, մշտապես ականջալուր եղել նրանց խնդիրներին, հնարավորության դեպքում անմիջապես լուծում առաջարկել: Հենց սա է շահեկանորեն տարբերում նրան այլ քաղաքական գործիչներից և էականորեն ավելացնում նրա քաղաքական կշիռը: Ընտրողը, որն արդեն վաղուց ճանաչում և գնահատել է բոլոր քաղաքական ուժերին, բավականաչափ հասունացել է՝ նախընտրական խոստումների հիման վրա քվե չնվիրելու համար: Սա նաև հրաշալի հասկանում են նախընտրական ընտրապայքարի մյուս դերակատարները, և հենց դա է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը խառնել է բոլոր խաղաքարտերը, քանի որ դաշտ է մտել ծանրակշիռ գործիչ՝ նժարը ամբողջությամբ թեքելով իր կողմը: Ծառուկյանի վերադարձից հետո որոշ դերակատարներ գուցե վերաձևակերպեն իրենց նախընտրական քարոզարշավը, ոմանք, ռեալ գնահատելով իրենց քաղաքական ռեսուրսը, գուցե հրաժարվեն պայքարից և լքեն քաղաքական դաշտը, սակայն ինչպիսին էլ լինի նրանց որոշումը, հիմնական դասը, որ պետք է քաղեն քաղաքական ուժերը, այն է, որ պետք է աշխատել ընտրողի հետ, և աշխատել մշտապես, անկախ քաղաքական մրցակիցների ծրագրերից և ռեսուրսներից, անկախ նախընտրական կամ հետընտրական ժամանակաշրջանից:

Ցավոք այսօր հայաստանյան քաղաքական ուժերը աշխատում են ոչ թե ընտրողի հետ, այլ միմյանց դեմ, փոշիացնելով միմյանց ռեսուրսները: Առաջիկա ընտրություններն այս առումով, թերևս, նույնպես բացառություն չեն լինի, ինչը մեկ անգամ ևս ցույց կտա, որ ընտրություններում լուրջ արդյունքներ կարձանագրի այն ուժը, ով վեր կկանգնի նախընտրական գզվռտոցից և իր հիմնական ուշադրությունը կսևեռի ընտրողի, նրա խնդիրների ու կարիքների վրա; Գագիկ Ծառուկյանը վաղուց արդեն ապացուցել է, որ իր համար առաջնայինը ընտրողն է ու նրան հուզող խնդիրները, ինչն էլ այսօր նրան դարձրել է Հայաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցեղ գործիչներից մեկը: Այսքանից հետո դժվար չէ մոտավոր պատկերացում կազմել ապագա խորհրդարանի խճանկարի մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ