Բարի խորհուրդ Նիկոլ Փաշինյանին

972

Այն, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը խառնելու էր նախընտրական շրջանի շատ դերակատարների խաղաքարտերը, միանգամայն պարզ էր: Ի վերջո դաշտ է մտնում գերծանրքաշային դերակատար, ով իր մուտքով նժարը թեքելու է իր կողմ: Պարզ էր նաև, որ այդ դերակատարներից շատերը իրենց նախընտարական գործունեության հիմնական թիրախը կարող են դարձնել Գագիկ Ծառուկյանին՝ ընտրության ժամանակ տոկոսներ հավաքելու սեփական շանսերը ավելացնելու միտումով:

Այն, ինչը սպասելի էր, արդեն դարձել է իրականություն: Կան լրատվամիջոցներ, որոնք արդեն ուղղորդված աշխատում են այս ուղղությամբ, այլ կերպ ասած, Ծառուկյանի վերադարձը նրանց նոր ուժ ու եռանդ է հաղորդել, իմաստավորել այդ լրատվամիջոցների գոյությունը, և նրանք անցել են գործի: Այդ լրատվամիջոցներից որոշները ուղղակիորեն կապվում են նախընտրական փուլի դերակատարների հետ, ուղղորդվում են նրանց կողմից, աշխատում նրանց համար: Սրանց շարքում կան լրատվամիջոցներ, որոնց՝ ընդդեմ Ծառուկյանի նպատակաուղղված գործունեությունը ուղղակի աչք է ծակում:

Մասնավորապես, «Հայկական ժամանակ» թերթը և Armtimes.com էլեկտրոնային կայքը, որը սպասարկում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որի վարչության անդամն ու նախընտրական ցուցակի առաջատարն է Նիկոլ Փաշինյանը:Այն ունի գործունեության կոնկրետ սլաք, այն սովորականի պես քննադատում է իշխանություններին, ինչն այսօր առկա է ցանկացած կայքում (իշխանություններին քննադատում են բոլորը ու դա նորություն չէ), սակայն այս քննադատությունը ընդամենը ծառայում է որպես ֆոն, որի ներքո ծավալվում է այս լրատվամիջոցների հիմնական գործը՝ աշխատել ընդդեմ Գագիկ Ծառուկյանի, հրատարակել կեղծ և ստահոդ լուրեր, փորձել վարկաբեկել Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքը և այլն:
Վերոնշյալ լրատվամիջոցները, հետևաբար նաև դրանց փաստացի սեփականտեր Նիկոլ Փաշինյանը, հետևաբար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այդպես էլ չհասկացան, որ ընտրողի քվե ու տոկոսներ պետք է հավաքել ոչ թե հակառակորդներին փնովելով, նրանց մասին կեղծ լուրեր տարածելով, այլ սեփական ծրագրով, սեփական քարոզարշավով, ընտրողի հետ տարվող սեփական աշխատանքով:

ՏԻՄ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գրանցած խայտառակ պարտությունը ու ավելի խայտառակ ցուցանիշները թերևս պետք է դաս հանդիսանային այս գործչի համար, որ ուրիշների վրա ցեխ շպրտելով սեփական վարկանիշը չես բարձրացնի: ՏԻՄ ընտրութունների ժամանակ առավոտից երեկո Էդմոն Մարուքյանի դեմ աշխատած Նիկոլը կրկին նույն սխալն է թույլ տալիս, սակայն հիմա էլ թիրախում Ծառուկյանն է, քանի որ Նիկոլը հասկացել է, որ Ծառուկյանի մուտքով ինքը հայտնվել է լուսանցքում, դարձել նախընտրական պայքարի մարգինալ գործիչ, որի բոցաշունչ ելույթները վաղուց արդեն ոչ մեկին հետաքրքիր չեն:
Խելացի գործիչը սեփական սխալը հասկանում է առաջին անգամից: Բայց դա վերաբերում է խելացի գործչին: Նույն սխալը երկրորդ անգամ կրկնող գործչին անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ խելացի անվանել: Իսկ երկրորդ անգամ նույն սխալը կրկնող Նիկոլ Փաշինյանը նաև երրորրդ, չորրորդ անգամ կկրկնի, մինչև վերջնականապես հոգնեցնի բոլորին ու դուրս մղվի քաղաքական դաշտից, ինչպես այսօրվա բազմաթիվ քաղաքական դիակները:
Իսկ ամենազարմանալին այն է, որ 2015 թվականի սկզբին Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո քաղաքական դաշտում առաջացել էր հսկայական վակուում, որը լրացնելու համար բոլոր ընդդիմադիր ուժերը ունեին ամբողջ 2 տարի: Թե ինչու նրանք չկարողացան լրացնել այդ բացը, թող իրենք վերլուծեն և հասկանան, բայց սեփական անկարողությունը չարութայմբ, ստերով ու նպատակաուղղված ինֆորմացիոն ահաբեկչությամբ փոխհատուցելու փորձերը դատապարտված են ի սկզբանե:

Եթե Նիկոլ Փաշինյանը չի հասկանում այս ամենը, ապա մենք օգնում ենք նրան և հոժարակամ հուշում, որ հակառակորդների վրա ցեխ շպրտելու, նրանց մասին կեղծ և սուտ նյութեր հրապարակելու, նրանց նկատմամբ ուղղորդված ինֆորմացիոն հարձակումննր իրականացնելու պրակտիկան անարդյունավետ է և նրան ոչինչ չի տալու: Դա, իհարկե, առաջիկայում կապացուցեն նաև ընտրությունների արդյունքները: Դրա փոխարեն նույն ջանքն ու եռանդը կարելի է օգտագործել սեփական ծրագրերը ներկայացնելու, մարդկանց լսելու, ընտրողի հետ աշխատելու համար, ինչը միշտ արել է Ծառուկյանը: Իսկ այն, ինչ արվում է հիմա, պարզապես ծիծաղելի է, հատկապես երբ արվում է մի անգամ պատժված բայց այդպես էլ դասեր չքաղած գործչի կողմից:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ