Մեդվեդև. Հայաստանից արտահանումը Ռուսաստան 70 տոկոսով աճել է

385

Ռուսաստանում ընթանում է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ  նրա ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը։ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումը բացելիս Մեդվեդեւը նշել է, որ չնայած միջազգային կոնյուկտուրային, էներգակիրների գների փոփոխությանը եւ մի շարք այլ տնտեսական պահերին՝ ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ կայուն է, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան 70  տոկոսով աճել է։

Նրա խոսքով՝ դա «ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության եւ տնտեսական կապերի ամրապնդման հետեւանք է»։

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը անցյալ տարվա հունվար–հոկտեմբերին կազմել է 1.033 մլրդ դոլար։ Ռուսաստանից արտահանումը նվազել է 14.6 տոկոսով, իսկ ահա Հայաստանից ներմուծումը մեծացել է 2.1 անգամ եւ  կազմել 314 մլն։

Կողմերը Կարապետյանի այցին ընդառաջ՝ փաստաթղթեր են պատրաստել, որոնք, ինչպես կարծում է Մեդվեդեւը, կզարգացնեն երկու երկրների համագործակցության վեկտորը։ «Հուսամ, դա կնպաստի տնտեսական կապերի զարգացմանն ու մարդկային շփման հարմարավետությանը»,– ասել է ՌԴ վարչապետը։

Կարապետյանի խոսքով՝ միջկառավարական հանդիպումը լավ հնարավորություն է ռուս–հայկական  համագործակցության արդիական հարցերի քննարկման համար։ «Ես ուզում եմ վստահեցնել ձեզ, որ մեր պատվիրակությունը շատ դրական գործնական տրամադրվածությամբ է եկել»,– ասել է Կարապետյանը՝ նշելով, որ հայկական պատվիրակությունը Մոսկվա է բերել նոր առաջարկներ, որոնք կօգնեն ընդլայնել համագործակցության ոլորտը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ