20-րդ դարի չբացահայտված գաղտնիքը. Վանգա

713

«Կա Բարիք։ Կա Չարիք։ Եվ ամեն  մարդ ընտրության իրավունք ունի…» Վանգա

Վանգելիա Պանդեւա Դիմիտրովա (ամուսնական ազգանունը՝ Գուշտերովա), որին ամբողջ աշխարհը ճանաչում է Վանգա անունով, ծնվել է 1911–ի հունվարի 31–ին Ստրումիցեում՝ ժամանակակից Մակեդոնիայի Հանրապետության տարածքում։ Նա այնքան թույլ էր ծնվել, որ ծնողները 2 ամիս սպասել էին, մինչեւ երեխան ամրանա, նոր անուն էին ընտրել նրա համար։ Սակայն աղջիկը ոչ միայն ողջ մնաց, այլեւ դարձավ 20-րդ դարի ամենահայտնի մարդկանցից մեկը։ Բարդ ճակատագիրը, անսովոր ունակությունները, համաշխարհային հռչակը նրա շուրջ լեգենդներ էին ստեղծում, եւ հիմա դժվար է հասկանալ, թե որն է ճիշտ, որը՝ հորինվածք։ Բուլղարացի պայծառատեսի ծննդյան օրը մենք մի քանի հետաքրքիր փաստ ենք ներկայացնում նրա կյանքի մասին։

Անվան գաղտնիքը

Հիմա դժվար է պատկերացնել, որ համաշխարհային հռչակ վայելող պայծառատեսը կարող էր ուրիշ անուն ունենալ։ Վանգայի փոխարեն՝ նրան ուզում էին կոչել Անդրոմախա։ Բայց Վանգան իր անունն, իսկապես, ստացել է ծնվելուց 2 ամիս անց, քանի որ ծնողները վստահ չէին, որ 7-ամսական ծնված նվաղ աղջնակը ողջ կմնա։

Հին բուլղարական ավանդույթի համաձայն՝ ծնողները փողոց էին դուրս եկել եւ հարցրել առաջին պատահածի անունը։ Սակայն այդ անունը դուր չեկավ նորածնի տատիկին։ Գեղեցիկ հունական Անդրոմախա անունը նա մերժեց՝ ի հեճուկս ավանդույթին։ Միայն երկրորդ պատահած կինը տվեց երեխայի համար ճակատագրական անունը՝ Վանգելիա՝ ավետիս բերող։

Տարօրինակ խաղեր

Վանգայի հարազատները հիշում էին, որ նա շատ էր սիրում երեխա ժամանակ իր համար խաղեր հորինել։ Տարօրինակ խաղերից մեկն էլ հետեւյալն էր. բակում նա խաղալիք էր պահում, վերադառնում տուն, կապում աչքերը եւ շոշափելով սկսում փնտրել խաղալիքը, ասես թե կույր է։ Ծնողներին այդ խաղերը մտահոգում էին, բայց բոլոր արգելքներն անօգուտ էին, այդ խաղը աղջկա համար ամենասիրելին էր մնում։

Առաջին սերը

12 տարեկանում սարսափելի փոթորկի հետեւանքով Վանգան կորցնում է տեսողությունը։ 15 տարեկանում նրան տեղափոխում են Զեմուն քաղաքի կույրերի տուն։ Զարմանալի է, բայց հենց այստեղ անցկացրած 3 տարիներն էր Վանգան հետո համարում իր կյանքի ամենաերջանիկ շրջանը։ Նա այստեղ հանդիպում է իր առաջին սիրուն։ Երիտասարդի անունը Դիմիտր էր։ Բայց ահա ամուսնանում է Վանգան բոլորովին ուրիշ Դիմիտրի հետ։ Իսկ առաջին սերը ողբերգական ավարտ է ունենում. սիրահարներին բաժանում են, Վանգան վերադառնում է հայրենի տուն ընտանիքին օգնելու եւ երկար ժամանակ տառապում էր ճակատագրի դաժան  վերաբերմունքից։ Հետո Վանգան զգում է իր յուրահատուկ կարողությունները եւ հասկանում, որ իր կյանքի առաքելությունն ուրիշներին օգնելն է։

Գաղտնիքների պահապան

Թվում է, թե Վանգան գիտեր ամեն բան աշխարհի ծագման եւ ամեն մարդու մասին առանձին–առանձին։ Նրանից ոչինչ հնարավոր  չէր թաքցնել, բայց ինքը կարողանում էր պահել ուրիշների գաղտնիքները։ Օրինակ, Վանգային հաճախ էին հարցնում, թե գոյություն ունի արդյոք կյանք մահից հետո։ «Ես իրավասու չեմ նման հարցի պատասխանել»,– ասում էր նա։

Պայծառատեսը խուսափում էր աշխարհի վերջի մասին  հարցերից։ Նա երբեք չէր խոսում աշխարհի վերջի մասին եւ երբեք դրա մասին կանխատեսումներ չէր անում։

Պետական ծառայող

1967-ից Վանգան պաշտոնապես համարվում էր պետական ծառայող եւ անգամ աշխատավարձ էր ստանում։ Նա առաջին պայծառատեսն էր, որին պաշտոնապես թույլատրել էին գումար վերցնել ընդունելության  համար։

Վանգան ոչ միայն կանխատեսում էր ապագան եւ անսխալ պատմում անցյալի մասին, նա նաեւ բուժում էր մարդկանց ամենատարբեր հիվանդություններից։ Ընդ որում, իր անսովոր մեթոդներով ապշեցնում էր բժիշկներին եւ այլընտրանքային բժշկության ներկայացուցիչներին՝ մարդկանց առաջարկելով հասարակ, բայց երբեմն բավականին տարօրինակ դեղատոմսեր։

Որպես դեղամիջոց՝ նա օգտագործում էր խոտաբույսեր, որոնք, ըստ մասնագետների, ոչ մի բուժիչ հատկություն չունեին։ Ընդ որում, հաճախ նշում էր կոնկրետ տեղը, որտեղ կարելի է գտնել այս կամ այն բուժող խոտաբույսը։ Անբացատրելի է, բայց Վանգայի դեղատոմսերն իրոք արդյունք էին տալիս։ Սակայն սիրելի ամուսնուն ալկոհոլից ունեցած կախվածությունից նա բուժել չկարողացավ։ Նա գիտեր, որ աղբերգություններից հնարավոր չէ խուսափել, բայց հույս ուներ, որ հրաշք կպատահի։ Պայծառատեսը չկարողացավ նաեւ ազդել իր հիվանդության ընթացքի վրա։ Վանգան մահացավ 1996-ի ապրիլի 11-ին՝ հենց այն օրը, որը կանխորոշել էր ինքն իր համար։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ