Իրինա Հարությունյանն առաջին անգամ բացահայտում է, թե ով է իր ամուսինն ու երեխաների հայրը

1041

Դերասանուհի Իրինա Հարությունյանը մեկ տարի առաջ կրկին մայրացավ: 40 տարեկանում երկրորդ երեխային ունեցած դերասանուհին այժմ վայելում է մայրության բերկրանքը: Tert.am Life-ն Իրինայի հետ զրուցել է ընտանեկան կյանքի մասին:

Դերասանուհու հետ խոսել ենք նաև ամուսնու մասին, քանի որ նրա անձնական կյանքի վերաբերյալ մի շարք բամբասանքներ են պտտվում: Երբ ծնվեց Իրինայի տղան, շատերը քննարկում էին, թե ով է նրա հայրը և անակնկալի եկան, որ դերասանուհին մեկ տարի չէ, ինչ ամուսնացած է:

-Իրինա, երեխայի ծննդից հետո պասիվ եք: Ե՞րբ եք նախատեսում վերադառնալ աշխատանքի:

– Մի պահ դադար վերցնելն իմ ընտրությունն էր: 15 տարի անընդմեջ աշխատելուց հետո զգացի, որ կա դրա կարիքը: Հասկացա, որ ինձ անհրաժեշտ է անընդհատ լինել երեխայիս կողքին: Մեծ տղայիս ծննդից հետո շատ շուտ անցա աշխատանքի: Նրա՝ քառասունքից դուրս գալուց անմիջապես հետո գնացել եմ աշխատանքի և չեմ վայելել այն րոպեները, որոնք հիմա վայելում եմ երկրորդ երեխայիս հետ:

Ամռանը կարճամետրաժ ֆիլմում նկարահանվեցի, հիմա էլ նկարահանվում եմ 20 մասանոց նոր ֆիլմում՝ «Քավարանում», որը նախատեսված է «Արմենիա Պրեմիումի» համար: Մեծ դադարից հետ չզգացի, որ այսքան երկար չեմ նկարահանվել, միանգամից ինտեգրվեցի աշխատանքին:

-Ի՞նչ է նշանակում հասուն տարիքում մայր դառնալը: Թեև փորձառու մայրիկ եք, զգացողություններն ա՞յլ են:

– 20-25 տարեկանում ու հասուն տարիքում երեխա ունենալը տարբեր բաներ են: Այն ժամանակ ինքդ երեխա ես և շատ բաներ չես գիտակցում, անկախ քո կամքից բացթողումներ ես ունենում:

Երբ ծնվեց մեծ որդիս, ես նոր էի սկսում կարիերաս, կայանում՝ որպես դերասանուհի: Այնպես չէ, որ չէի ցանկանում խնամել որդուս, ուղղակի որպես դերասանուհի կայանալու ցանկությունս համընկավ նրա ծննդի հետ: Մեր գործն էլ այնքան աշխատատար է, հատկապես՝ թատրոնի դերասաններից բեմը խլում է ամբողջ էներգիան: Այդ ամենն արյան գնով է տրվում քեզ:

Ես երեխայիս թողնում էի հուսալի ձեռքերում, դրա համար ավելի հանգիստ էի:

Հիմա ամեն ինչ նորովի եմ ապրում և գիտակցված: Բայց կրկին ծայրահեղություն մեջ եմ:) Անընդհատ ձգում էի աշխատանքի անցնելու փուլը, որովհետև ավելի ու ավելի շատ էի ուզում երեխայիս կողքին լինել: Նա ամեն օր նոր բան է անում, նոր բառեր ասում, ինչից գերագույն հաճույք եմ ստանում: Առաջին ամիսներին գրեթե դուրս չէի գալիս տանից: Մեկ տարին մի ակնթարթի ես անցավ: Ինքս էլ չեմ գիտակցում, որ արդեն մի տարին անցավ:

-Ձեր ավագ որդին՝ Արամը, շատ էր ուրախացել, երբ ծնվեց եղբայրը, սակայն երեխայական խանդն ավելի ուշ է դրսևորվում և, երբեմն, անկառավարելի է լինում: Բախվե՞լ եք այդ խնդրին:

-Մեզ մոտ շատ հետաքրքիր ստացվեց: Այն ժամանակ մտածում էի, որ մեծ տղաս դեռ երեխա է, իրեն փոքրի պես էինք վերաբերում, սակայն Դավթի ծնվելուց հետո  հասկացանք, թե ինչ հասուն տղամարդ է նա: Զգում եմ, որ ինչ-որ հարցերում նա դեռ երեխա է, սակայն փոքրիկի ծննդից հետո կտրուկ մեծացել է: Կարծես ինչ-որ  պատասխանատվություն է զգում, քանի որ  մեծ եղբայր է: Արամը շատ երկար տարիներ ուզում էր եղբայր ունենալ և շատ երջանկացավ երեխայի ծննդից: Իր պահելաձևը, վերաբերմունքը, հասկացողությունն ու մոտեցումը երեխայի ծննդին, նրա  խնամքին շատ հասուն է:

-Հիմա նա անցումային տարիքում է, որն ամենաբարդն է: Որպես մայր՝ ի՞նչ խնդիրների եք բախվում:

-Շատ բարդ փուլ է: Հատկապես այս փուլում կարևորում եմ երեխայի հետ ընկերություն անելը: Աստված չանի, որ իրենք հեռվանան ծնողից: Մեր որդին միշտ տարբերվել է իր հասակակիցներից և չի սիրել պատմել իր խնդիրների մասին: Պետք է այնպես անես, որ երեխադ կիսվի քեզ հետ: Ի վերջո, շատ կարևոր փուլ է: Մի շարք կոմպլեքսներ կան, որոնք պետք է արժանիքների վերածել:

Վերջերս իր տարեդարձն էր, ընկերներն ու ընկերուհիներն էին եկել: Ես կողքից հետևում էի ու հասկացա, որ շատ է փոխվել թե´ վերաբերմունքն աղջիկների նկատմամբ, թե´ առհասարակ: Ինձ դուր եկավ իր վարվեցողությունը: Երջանիկ եմ, որ այդպիսի որդի եմ դաստիարակել: Առաջնայինը տղամարդու մարդկային հատկանիշներն են, հետո միայն ուսումն ու մյուս հարցերը:

-Ծնողական խստություն ունե՞ք, թե՞ այդ պատասխանատվությունը տվել եք Ձեր ամուսնուն:

-Իհարկե, ես էլ, հայրն էլ, շատ խիստ ենք, սակայն դա պետք է չափի մեջ լինի: Նա տղամարդ է, չպետք է կոտրել իրեն:

Տղայի դաստիարակության մեջ միշտ կարևորել եմ  հոր դերը: Նա օրինակ է  ծառայում: Ուզես, թե չուզես, երեխան կրկնում է այն, ինչ տեսնում է: Ամուսինս էլ է փորձում առաջին  հերթին ընկերություն անել Արամի հետ, ոչ թե հայր ու տղա հարաբերություններ պահել: Փորձում ենք այնպես անել, որ երեխան ինչ-որ  վախ, կոմպլեքս չունենա:

-Իրինա, խոսում եք այն մասին, որ Ձեր ընտանիքում մեծ է նաև Ձեր ամուսնու դերը, սակայն հանդիսատեսը Ձեզ ընկալում է որպես միայնակ կին: Երբ Ձեր երկրորդ երեխան ծնվեց, շատերը քննարկում էին, թե ով է Ձեր երեխայի հայրը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Ես չգիտեմ՝ ինչու է այդպես: Միգուցե պատճառն այն է, որ չեմ սիրում խոսել անձնականիս մասին, հանրային ձևով ապրել: Մենք ամբողջական ընտանիք ենք: Այս տարի կլրանա մեր ամուսնության 15 տարին: Իմ երկու երեխաների հայրն էլ ամուսինս է:

Ինչպե՞ս է նա վերաբերում Ձեր մասնագիտությանը, այն աժիոտաժին, որ մասնագիտության բերումով ստեղծվում է Ձեր ընտանիքի շուրջ, սիրավեպին, որ վերագրում էին Ձեզ:

-Բնականաբար, շատ ծանր է տանում, ուղղակի ես իրեն հիշեցնում եմ, որ ես հանրային մարդ եմ, և դա բնական է: Ինձ ընտրելով՝ ինքը հասկացել է, որ ես հայտնի մարդ եմ, խոսակցություններն ու ավելորդ բամբասանքներն անխուսափելի են:

Պահի տակ ինչ-որ խոսակցություն լինում է, հետո անցնում է: Ես առաջին հերթին ազնիվ մարդ եմ: Մենք իրար ասում ենք այն, ինչ պետք է, չենք ամաչում՝ անկախ նրանից, թե  ինչ իրավիճակ է:

-Դժվար փուլ ունեցե՞լ եք ընտանիքում:

-Յուրաքանչյուր ընտանիքում լինում է դժվար փուլ, դա նորմալ է: Չկան բացառիկ  ընտանիքներ, որտեղ խնդիրներ չեն լինում: Բոլոր առողջ ընտանիքներում լինում են դժվար փուլեր, որոնք տարիների  ընթացքում հաղթահարվում են:

-Ո՞րն է 15 տարի իրար կողքի լինելու և այդ դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու գրավականը:

Շատ դժվար է: Մենք տարբեր ոլորտներից ենք, նա ընդհանրապես կապ չունի արվեստի հետ, ֆինանսիստ է, աշխատում է բանկում:

Մենք ունեցել ենք տարաձայնություններ, սակայն ամենակարևորը միմյանց զիջելը, հարգելն ու վստահելն է: Տղամարդը պետք է հարգի կնոջը, ոչ թե ասի՝ ես եմ տղամարդը: Մենք միշտ ամեն ինչ փոխհամաձայնությամբ ենք արել: Սրա արդյունքում էլ 15 տարի է՝ միասին ենք:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ