2017 թ ապրիլից պետպատվերն ամբողջությամբ կիրականացվի էլ.առողջապահության համակարգի միջոցով. ԱՆ

307

Ընթացիկ տարվա ապրիլից պետական պատվերն ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով, ինչը մի քանի անգամ կբարձրացնի վերահսկելիությունը եւ թափանցիկությունը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ըստ ժամանակացույցի տարվա երկրորդ կեսին էլեկտրոնային առողջապահության համակարգում կընդգրկվեն հանրապետության բոլոր բժշկական հաստատությունները, այդ թվում` դեղատները։

Ներկայումս այդ համակարգում ընդգրկված են 480-ից ավելի բժշկական բոլոր այն հաստատությունները, որոնք պետական պատվերով բժշկական օգնություն եւ սպասարկում են իրականացնում։ Դրանք հանրապետության ընդհանուր բուժհաստատությունների 95 %-ից ավելին են։ Այդ  բուժհաստատությունների մի զգալի մասն արդեն իսկ կանոնավոր կերպով առցանց համակարգ է ներմուծում պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդների անցած բոլոր հետազոտությունները, իրականացված միջամտությունները, ախտորոշումները։

Առաջին եռամսյակում նախատեսվում է ավարտել կցագրումների գործընթացը` համակարգում ապահովելով տեղեկատվություն քաղաքացիներին սպասարկող պոլիկլինիկաների վերաբերյալ։

Էլեկտրոնային առողջապահության համակարգն առցանց ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին, ինչը կբացառի նույն անձի կրկնությունները, հետեւաբար` կրկնակի ֆինանսավորման հնարավոր դեպքերը:

Միաժամանակ, անկախ վճարման տեսակից` պետության կողմից փոխհատուցվող, քաղաքացու կամ ապահովագրական կազմակերպության կողմից վճարվող բոլոր ծառայությունները պետք է մուտքագրվեն համակարգ։ Սա հնարավորություն կտա, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր բժշկական ամբողջական պատմությունը` երբ եւ որ բժշկական հաստատություն է դիմել, ինչ հետազոտություն է անցել եւ ինչ բուժում ստացել` դրանց արդյունքներով։ Էլեկտրոնային բժշկական պատմագիրը յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի կլինի ցանկացած պահի եւ ցանկացած վայրում` նույնականացման քարտի միջոցով մուտք գործելով www.armed.am կայք։ Նախարարությունը հավաստիացնում է, որ այդ տվյալների պաշտպանվածությունն ու գաղտնիությունը լիովին ապահովվում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ