Մեզ հաջողվեց բարձր պահել մեր երկրի պատիվը «Ռիո-2016»-ում

467

Գագիկ Ծառուկյան
ՀԱՕԿ նախագահ

Ժամանակակից աշխարհում սպորտը պետությունների եւ ժողովուրդների քաղաքակիրթ պայքարի հարթակ է: 206 հզորագույն երկրների շարքում մենք թիմային հաշվարկում զբաղեցրեցինք 42-րդ տեղը, եւ մեզանից հետ մնացին անհամեմատ ավելի մեծ թվով բնակչություն, ռեսուրսներ եւ զարգացած տնտեսություն ունեցող պետություններ: Ես մեր թիմի ընդհանուր արդյունքից գոհ եմ, վստահաբար կարող եմ ասել, որ գոհ է նաեւ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ինչն ինձ համար ամենակարեւորն է:

-Պարո՛ն Ծառուկյան, 2016թ. տարվա մարզական գլխավոր իրադարձությունը Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերն էին: Հետաքրքիր է, արդյո՞ք հայ մարզիկներն արդարացրեցին Ձեր ակնկալիքները «Ռիո-2016»-ում: Եվ ինչպե՞ս կգնահատեք 2016թ. մարզական հաջողություններն ու, ինչու ոչ, նաև պարտությունները:

-Խնդիր էր դրված՝ նվաճել ոսկե մեդալ, մենք խնդիրը լուծեցինք, բարձրացավ մեր դրոշը, հնչեց մեր հիմնը: Խնդիր էր դրված արժանապատիվ հանդես գալու՝ մենք լուծեցինք խնդիրը: Կար պետության պատիվը բարձր պահելու խնդիր՝ մենք դա արեցինք: 206 հզորագույն երկրների շարքում մենք թիմային հաշվարկում զբաղեցրեցինք 42-րդ տեղը, և հավատացեք, որ սա հենց դրա մասին է խոսում: Մեզանից հետ մնացին անհամեմատ ավելի մեծ բնակչություն, ռեսուրսներ և զարգացած տնտեսությամբ պետություններ: Մեդալների քանակով, իհարկե, իմ ակնկալիքներն ավելի մեծ էին: Եվ դա ոչ թե բարի ցանկություն էր, այլ կատարված ահռելի աշխատանքի բնական արդյունք: Վստահորեն ասում եմ՝ մեր օլիմպիական թիմը նախապատրաստության առումով չի զիջել աշխարհի որևէ առաջատար երկրի: Մեր մարզիկները, մարզիչները ունեցել են այն ամենը, ինչն անհրաժեշտ էր: Մենք կարող էինք ունենալ 3-4 ոսկի և 7-8 այլ մեդալ, բայց սպորտում, ինչպես և կյանքում, լինում են պատահականություններ, այդ թվում՝ ցավալի, լինում են չնախատեսված միջադեպեր, լինում են անարդարություններ: Սա կյանքն է, ի՞նչ կարող ես անել: Թե մարդկայնորեն ինչ եմ ապրել ես այդ դժվարություններով լի օրերին, կարծում եմ, կարիք չկա նկարագրելու: Բայց թիմի ընդհանուր արդյունքից ես գոհ եմ: Դա ոչ միայն իմ կարծիքն է, այլև, վստահաբար կարող եմ ասել, մեր ժողովրդի ճնշող մեծամասնության: Իսկ դա ինձ համար ամենակարևորն է:
Ժամանակակից աշխարհում սպորտը, իսկապես, պետությունների և ժողովուրդների քաղաքակիրթ պայքարի հարթակ է: Օլիմպիադան այս առումով բացառիկ նշանակության միջոցառում է: Ցանկացած մարզիկ ձգտում է լավագույն արդյունքի, ձգտում է իր երկրի պատիվը բարձր պահել: Մեր մարզիկները այս խնդիրը լուծեցին պատվով: «Ռիո-2016»-ի ընթացքում մեր մարզիկների մրցելույթների ժամանակ հայ ժողովուրդը դարձել էր միասնական, մի բռունցք: Ամեն հաղթանակից հետո ես զանգեր էի ստանում աշխարհի բոլոր ծայրերից: Մարդիկ իրենց ուրախությունն ու հպարտությունը չէին թաքցնում:

-Պարո՛ն Ծառուկյան, Ռիոյում մեր մարզիկները նաև անարդար վերաբերմունքի արժանացան, մասնավորապես` Միհրան Հարությունյանի ձեռքից պարզապես խլեցին ոսկե մեդալն ու օլիմպիական չեմպիոնի կոչումը, ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունը:

-Այո՛, Ռիոյում մենք ականատես եղանք նաև աղաղակող անարդարությունների: Ես ուզում եմ շեշտել՝ այդ անարդարությունը ոչ միայն մեր հանդեպ էր, այլև շատ ու շատ այլ պետություններ ներկայացնող մարզիկների: Սա ժամանակակից սպորտի ամենացավոտ խնդիրներից մեկն է: Սա նոր խնդիր չէ, բայց երբ դա առնչվում է քեզ, դու սկսում ես ավելի զգայուն լինել դրա հանդեպ: Ես զրուցել եմ շատ երկրների մարզաշխարհի ղեկավարների հետ, ՄՕԿ-ի ղեկավարության հետ, և բոլորն էլ կիսում են մեր կարծիքը ու պատրաստակամություն են հայտնում միասին պայքարել դրա դեմ: Ինչ վերաբերում է Միհրան Հարությունյանին, ապա նա իր ոսկե մեդալը ստացել է հայ ժողովրդից: Եվ նա ինձ համար միշտ հաղթած մարզիկ է լինելու:

-Ձեր կողմից մշտապես խրախուսական մեծ նվերների են արժանանում Հայաստանին հաղթանակ բերած մարզիկները, ինչը ևս խթանում է նրանց` սպորտային նվաճումների նկատմամբ ունեցած հավակնությունների աճին: Տարիների ընթացքում արդյո՞ք տեսնում եք նրանց մեջ ձգտումների և գործադրած ջանքերի աճ:

-Օլիմպիական կոմիտեի նախագահ աշխատելու տարիների իմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ես համարում եմ մարզիկների և մարզիչների պարգևատրման արդար համակարգի ստեղծումը. որ դա չլինի սուբյեկտիվ, ծանոթ բարեկամով, այլ` արդար ու շատ պարզ: Այս տարիների ընթացքում ես մեր լավագույն մարզիկներին պարգևատրել եմ թե՛ բնակարաններով, թե՛ ավտոմեքենաներով և լուծել բազմաթիվ այլ խնդիրներ: Հայաստանը մեծ աշխարհի մի մասն է, մեր մարզիկները համաշխարհային մարզական ընտանիքի մի մասնիկն են: Մենք պետք է կարողանանք ապահովել նրանց մարզումների, բարեկեցության և ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանները: Հակառակ դեպքում` մեծ է լինելու գայթակղությունը՝ այլ երկրներ տեղափոխվելու: Սա ժամանակակից աշխարհի, բաց աշխարհի հատկանիշներից մեկն է: Երբ ես ասում եմ՝ ապահովել անհրաժեշտ պայմաններ, ի դեպ, նկատի չունեմ նվազագույնը: Ո՛չ, մենք ձգտում ենք ապահովել եվրոպական ստանդարտներ: Այո՛, ես խնդիր էի դրել՝ խրախուսման համակարգը դարձնելու մրցունակ ամենազարգացած տնտեսությամբ երկրների շրջանում: Եթե դու մարզիկին չխրախուսես, նա չստանա այն, ինչին արժանի է, կամ կհեռանա երկրից, կամ կդադարի բարձրակարգ մարզիկ լինել: Սա է իրականությունը: Մեր ընտրած ճանապարհը ճիշտ էր, և արդյունքը մեր հաջողություններն են միջազգային ասպարեզում: Այսօր բոլոր տարիքային խմբերում մենք մրցում ենք ուժեղագույն պետությունների հետ և հաճախ հաղթում:

-Տասը տարուց ավելի է, Դուք ղեկավարում եք ՀԱՕԿ-ը, որն ի դեմս Ձեզ` միանշանակ մեծ ներդրում ունի ՀՀ սպորտի զարգացման գործում, որո՞նք են 2016թ. ՀԱՕԿ-ի կողմից իրականացված ամենանշանակալի աշխատանքները:

-Ինձ համար շատ դժվար է առանձնացնել աշխատանքները մեկ տարվա կտրվածքով: Սպորտում ուղղակի անհնար է կարճաժամկետ ծրագրերով մեծ հաջողությունների հասնել: Եթե մենք հաջող հանդես եկանք օլիմպիական խաղերում, այս կամ այն մարզաձևում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ապա դա չի նշանակում, որ մենք այդ տարի լավ էինք աշխատել ու ստացվեց նման արդյունք: Դա նշանակում է, որ մենք լավ էինք աշխատել նախորդ 3-4 տարիների ընթացքում: Դա նշանակում է, որ մենք ստեղծել ենք անհրաժեշտ ենթակառուցվածքներ, անհրաժեշտ որակյալ մարզադահլիճներ, կարողացել ենք ունենալ լավ մարզիչներ, որ նրանք կատարեն ծանր ու գրագետ աշխատանք և պատրաստեն լավ մարզիկներ: Նշանակում է, որ մարզաշխարհում մենք կարողացել ենք ապահովել նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ:
Իմ նշած բոլոր կետերն էլ երկար տարիների աշխատանքի արդյունք են և մեկ օրվա գործ չեն: Մենք կառուցեցինք օլիմպիական ավանը, որը բոլոր բարձր չափանիշներին համապատասխան բարձրակարգ կառույց է, և աշխարհում շատ քիչ նման կառույցներ կան, որ կարող են համեմատվել մեր օլիմպիական ավանի հետ: Ի դեպ, դա օտարերկրյա հյուրերի, փորձագետների, ՄՕԿ ղեկավարների կարծիքն է:
Մարզաշխարհում աշխատանքները շարունակական են: Այնպես, ինչպես հաջողության դեպքում հնարավոր չէ ասել, թե դա հատկապես որ տարվա աշխատանքի արդյունքն է, այնպես էլ անհաջողության դեպքում չես կարող ասել, թե հատկապես երբ ձախողվեց գործը: Պետք է աշխատել անդադար, առանց ընդմիջումների և գրագետ:

-Ի՞նչ ծրագրեր են իրականացվելու 2017թ. ՀԱՕԿ շրջանակներում:

-Ես կարծես թե նախորդ կետում պատասխանեցի այս հարցին` աշխատել ու երբեք կանգ չառնել: Ժամանակակից սպորտում և ժամանակակից աշխարհում մեկ րոպե անգամ չի կարելի արվածով բավարարվել: Հապաղումը կբերի տապալումների: 2017-ին մենք պետք է աշխատենք, ունենք նոր ծրագրեր, ունենք կիսատ թողած ծրագրեր: Մենք պետք է այսօրվանից պատրաստվենք հաջորդ օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, մենք պետք է պահպանենք ձեռքբերումները և նոր հաջողություններ ունենանք: Ես շատ եմ կարևորում մարզերում, գյուղական համայնքներում մարզական ենթակառուցվածքների զարգացումը: Մենք ունենք շատ տաղանդավոր երեխաներ, պատանիներ, որոնք ճիշտ աշխատանքի դեպքում վաղը դառնալու են մեր ազգի հպարտությունը: Ու մենք այդ աշխատանքները, վստահ եղեք, իրականացնելու ենք:

-Բարեգործությունը Ձեր կյանքի անքակտելի մասնիկն է, ինչպե՞ս կբնութագրեք դրա արժեքը և կարևորությունը Ձեզ համար: Ի՞նչ ուղղվածություն են ունենալու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի 2017թ. աշխատանքները:

-Բարեգործության մասին ես աշխատում եմ շատ չխոսել, այլ ուղղակի անել այդ բարեգործությունը: Սա շատ մարդկային մի սկզբունք է, որին ես հավատարիմ եմ մնում: Մարդը կամ իր մեջ զգում է այդ մղումը, պահանջը՝ օգնել մարդկանց, օգնել կողքինին, օգնել անծանոթին կամ չի զգում: Պարտադրանքով, չկամությամբ բարեգործություն չի լինում: Ժամանակակից աշխարհում կա սոցիալական պատասխանատվության գաղափարը: Ցանկացած հաջողակ մարդ, ով ճակատագրի բերումով ունի հնարավորություն, պետք է զգա որոշակի պատասխանատվություն: «Ծառուկյան» հիմնադրամի մասով բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվելու են՝ մշակույթ, կրթություն, գիտություն, սոցիալական ծրագրեր, երիտասարդական ծրագրեր, առողջապահական և այլն: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում շարունակելու են մնալ սահմանամերձ գյուղերը: Վերջին տարիներին Հիմնադրամի գործունեության առանձին ուղղություն է համահայկական նախաձեռնությունը: Սա մի ուղղություն է, որը և՛ սոցիալական է, և՛ մարդասիրական, և՛ ուղղված է հայապահպանությանը: Այս թեման իմ անձնական ուշադրության կենտրոնում է լինելու: Նախորդ տարի ես այցեր եմ ունեցել Իրան, Լիբանան և այլ հայկական մեծ համայնքներ ունեցող պետություններ: Հանդիպել եմ համայնքներում հեղինակություն վայելող լայն շրջանակների հետ, Արամ Առաջին կաթողիկոսի հետ, պայմանավորվել ենք շարունակել աշխատանքները` ուղղված հայապահպանության գործին:

-Պարո՛ն Ծառուկյան, քանի որ տարին նոր է սկսվել, հետաքրքիր է իմանալ, ի՞նչ կարևոր երեք ակնկալիքներ ունեք 2017թ.:

-Նոր տարին սկսվում է Ամանորի գիշերից: Դա այն տոնն է, երբ բոլորը` անկախ տարիքից, իրենց մի պահ երեխա են զգում: Դա շատ ազնիվ ու շատ մարդկային զգացում է: Ինձ համար Ամանորն իմ ընտանիքի հետ անցկացնելու լավ օրերն են, անցնող տարվան հայացք գցելու, արածի, չարածի մասին մտածելու պահն է: Ի՞նչ ակնկալիքներ ունեմ ես, իհարկե, նախ և առաջ՝ խաղաղություն մեր երկրին: Խաղաղությունը բոլոր պետությունների և ժողովուրդների ամենակարևոր երազանքն է, ամենակարևոր ձգտումը: Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակն աճի, որ մարդկանց դեմքին ժպիտ հայտնվի, որ օրվա հացը չդառնա ամենասուր խնդիրը, որ երեխայի, ծնողի համար դեղի փողը չլինի անլուծելի հարց, որ մարդիկ մեր երկրում արժանապատիվ կյանք ունենան, անհոգ մանկություն ու արժանապատիվ ծերություն: Ես ակնկալում եմ, որ երկրում այնպիսի զարգացման մթնոլորտ լինի, որ մեր երիտասարդները չմտածեն երկիրը լքելու մասին: Էլի շատ հարցեր կան, որոնք ժամանակի ընթացքում անպայման կլուծվեն: Չկասկածեք: Մենք ունենալու ենք մեր խաղաղ, ուժեղ ու արդար Հայաստանը: Ես ուզում եմ, որ մեր երկրից մարդիկ չգնան այլ երկրներ շենացնելու:

-Ի՞նչն է Ձեզ ամենաշատը երջանկացնում կյանքում:

-Որպես անհատ` ես հասել եմ այն ամենին, ինչին մարդկության 90 տոկոսը չի հասնում: Ինձ չես զարմացնի, ուրախացնի որևէ նյութական արժեքով: Ինձ դրանք վաղուց չեն հետաքրքրում: Ինձ երջանկացնում են իմ երեխաների ձեռքբերումները, իմ թոռների հաջողությունները: Ինձ անսահման ուրախացնում են իմ հայրենակիցների հաջողությունները՝ աշխարհի որ երկրում էլ լինի: Ես հպարտանում եմ դրանցով: Ինձ համար շատ կարևոր են իմ երկրի հաջողությունները: Մարդը չի կարող ապրել միայն իր համար: Իսկ ամենաշատը ինձ երջանկացնում է Աստծո սերը. մարդը չի կարող լիարժեք լինել` առանց Աստծո սիրո և օրհնության:

-Ո՞րն է Ձեր էներգիայի աղբյուրը:

-Իմ ծնողներն ամեն օր առավոտ շուտ գնում են աշխատանքի: Կարող էին չէ՞, հանգիստ նստել տանը և վայելել օրը: Բայց նրանց համար ավելի կարևոր է աշխատանքը, բարիք ստեղծելը: Ես ծնված օրվանից դա եմ տեսել: Իմ երեխաները տեսել են, թե ես երբ եմ տանից դուրս գալիս, երբ վերադառնում: Իմ երեխաները ինձ հանգիստ նստած երևի չեն տեսել: Նույն կերպ իրենք են ապրում: Մարդը պետք է ստեղծի, արարի, աշխատի, արդյունք տա, կիսվի այդ բարիքով ուրիշների հետ: Իմ տեսակն է երևի այդպիսին:

-Դուք եկեղեցաշինական լայնածավալ գործունեություն եք ծավալում, ի՞նչ դեր ունի հավատքը Ձեր կյանքում:

-Եթե պատասխանեմ մեկ բառով, ապա՝ ամենակարևոր: Ինչ վերաբերում է եկեղեցաշինությանը, ապա դրանցից ամեն մեկն ունի իր նախապատմությունը: Յուրաքանչյուրն ինձ համար թանկ է իր պատմությամբ, իր առանձնահատկություններով: Բայց բոլորն ունեն մեկ ընդհանրություն: Ես կառուցել եմ բոլոր եկեղեցիները ժողովրդի համար, դրանք ձևական կառույցներ չեն: Ես ցանկացել եմ, որ այդ եկեղեցիները լցված լինեն կյանքով, որ մարդիկ հավատքով գան ու փորձեն գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները: Ինձ համար մեծագույն երջանկություն է, երբ ես տեսնում եմ, որ ժողովուրդն իսկապես ընդունել է այդ եկեղեցիները: Տասնյակ հազարավոր մարդիկ ամեն օր իրենց ընտանիքներով մտնում են եկեղեցիներ: Սա է կարևորը: Եթե ես կարողացել եմ օգտակար լինել մարդկանց, ուրեմն` ես հասել եմ իմ նպատակին:

-Ո՞ր ցանկությունն է, որ միշտ ուղղում եք Աստծուն Ձեր աղոթքներում:

-Խաղաղություն իմ երկրին, խաղաղություն իմ ժողովրդին:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ