Մենք զոհի հոգեբանություն չենք տալիս երեխաներին. ԿԳՆ-ում քննարկվել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը» ձեռնարկը

458

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ուղեցույցի քննարկումը:

ԿԳՆ-ից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Երեւանի ավագ դպրոցների մի խումբ մանկավարժներ: Հեղինակը հանդես  է եկել դասախոսությամբ ՝ անդրադառնալով թեմայի դասավանդման բարդություններին եւ նրբություններին:

«Հայաստանում ցեղասպանության դասավանդումը բավական երկար ճանապարհ է անցել: Անկախությունից հետո այս խնդիրը բարձրացվել է, որ Հայոց ցեղասպանությունն ու հայկական հարցը պետք է դասավանդվեն դպրոցում: Բավական երկար ճանապարհ կտրելուց հետո որոշ արդյունքի ենք հասել՝ շնորհիվ նախարարի: Այն ժամանակ էլ ԿԳ նախարարը Լեւոն Մկրտչյանն էր, երբ ինձ առաջարկեցին գրել դասագիրքը, որը մի քանի փուլ ունեցավ՝ նախ Հայոց ցեղասպանության պատմությունը գրեցինք, որ ավելի բարձր դասարաններում պարապեն, եւ նոր պատմությունը, որ երեխաներին փոքր տարիքից կարելի է պարապել: Փոքր տարիքի երեխաների հետ մահվան, ցեղասպանության մասին խոսելու հարցը բավականին ծեծվել է, ԱՄՆ-ում մանկավարժների, հոգեբանների հետ խորհրդակցել ենք: Նկատի ունենալով այլ ժողովուրդների փորձը, օրինակ՝ հրեաներինը, կարեւորել ենք այն, թե ինչ մեթոդով եւ որքան պետք է ցեղասպանությունից խոսել երեխաների հետ:

Ցեղասպանությունը բարդ հասկացություն է, եւ այդ հասկացությունը դասավանդելու համար երեխան պետք է մտավոր պատրաստություն ունենա: Զանազան թեմաներով երեխային պետք է պատրաստել: Օրինակ, առաջին դասարանում երեխան պետք է սովորի՝ ինչ է արդարությունը, ինչպես կարելի է դժվար վիճակից դուրս գալ, ինչ է կորուստը, ինչպես կարելի է հաղթահարել այն եւ այլն: Սրանք թեմաներ են, որ փոքր երեխաները կարող են ընկալել: Եվ երբ ապրիլն է գալիս, ուզենք, թե չուզենք, երեխաներն առնչվում են ապրիլի 24-ի, Ծիծեռնակաբերդի հետ: Արդեն այդտեղ կարելի է իրենց մտավոր պատրաստության մակարդակի սահմաններում խոսել՝ առանց արյունալի, սոսկալի տեսարանների:

Մենք զոհի հոգեբանություն չի, որ տալիս ենք երեխաներին. ցեղասպանությունը մեր պահանջատիրության հիմքն է, չէ՞ որ մեր հանդեպ այդպիսի անարդարություն է կատարվել: Մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք, որն ամեն օր կրում է իր վրա այդ անարդարությունը: Ցեղասպանությունը մեր առօրյա կյանքի մեջ է, դրա համար էլ մեր կրթական ծրագրերը պետք է մշակվեն ավելի շեշտված ազգային գաղափարախոսությամբ: Պետք է երեխաներին սովորեցնել, որ թուրք եւ քուրդ ժողովուրդը մեծ մասնակցություն է ունեցել ցեղասպանություն իրականացնելիս, բայց նրանց հանդեպ պետք չէ ատելություն սրսկել»,-նշել է ձեռնարկի հեղինակը:

Նշենք, որ ձեռնարկն, ի սկզբանե  նախատեսված է եղել սփյուռքի հայկական դպրոցների համար. այն  դեռեւս 2011 թվականին ՀՀ ԿԳՆ-ի կողմից  երաշխավորվել է գործածության Սփյուռքում՝ որպես ուսումնաօժանդակ նյութ /Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը տեղադրվել է  www.spyurq.dasagirq.am կայքում/ :

2016թ. ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով լրամշակված ձեռնարկը երաշխավորվել է գործածության ՀՀ հանրակրթական դպրոցների համար՝ որպես ուսումնամեթոդական գրականություն՝ մինչեւ 2018 թվականը: Ձեռնարկը տպագրվել է եւ բաժանվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններին, այն նախատեսված է կրտսեր եւ միջին դպրոցում դասավանդող ուսուցիչների եւ դասղեկների համար: ԿԳՆ-ում կազմակերպված հանդիպումից հետո  հեղինակի եւ ուսուցիչների միջեւ եւս երկու հանդիպում տեղի կունենա Երեւանի թիվ 19 եւ 24 դպրոցներում՝ մարտի 2-ին եւ մարտի 10-ին:

Ռուբինա Փիրումյանն ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս է: Կրթություն է ստացել Թեհրանում եւ ԱՄՆ-ում՝ մասնագիտանալով արեւելագիտության ոլորտում: Նա ինը առաջատար մասնագիտական ընկերակցությունների անդամ է, 12 մենագրությունների ու  50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ, ակտիվ հասարակական գործիչ: Մենագրություններից հատկապես առանձնանում են վերջին տարիներին հրատարակված երեք գրքեր, որոնցում արտացոլված է Հայոց ցեղասպանությունից հետո ԱՄՆ-ի երեք սերունդների վերաբերյալ հետազոտություններ:

Ռ.Փիրումյանը զգալի ներդրում ունի նաեւ մանկավարժության ոլորտում` հանդիսանալով Հայ Դատին եւ Հայոց Ցեղասպանությանը նվիրված մի շարք դասագրքերի հեղինակ: Նա Հայոց ցեղասպանության դասավանդման  մեթոդիկայի վերաբերյալ  վերապատրաստումներ  է իրականացրել ԱՄՆ-ում եւ եվրոպական մի քանի երկրներում: Հայաստանում գործածվում է Ռ.Փիրումյանի «Հայոց հարցի պատմություն» դասագիրքը, որը երաշխավորված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից` որպես լրացուցիչ ուսումնական ձեռնարկ 10-11-րդ դասարանների համար:

Նյութի աղբյուր՝ news.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ