Նաիրա Զոհրաբյանը հաստատում է Սայաթ Նովա համայնքում ԲՀԿ տարածքային կառույցի անդամի դանակահարվելու լուրը

214

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հաստատում է, որ Արարատի մարզի Սայաթ Նովա համայնքի ԲՀԿ տարածքային կառույցի անդամին դանակահարել է Մասիսում ՀՀԿ-ական թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի ակտիվիստը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ-ականը բավականին լուրջ վնասվածք է ստացել: «Նա որովայնի հատվածում 4 տեղից ծակող վնասվածքներ է ստացել: Նրան Էրեբունի հիվանդանոցում տևական ժամանակ վիրահատել են: Այսօր առավոտյան նրա վիճակն արդեն կայունացել է, բայց, ցավոք, սա դեռ միայն ծաղիկներն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ իրենք բազմիցս զգուշացրել են, որ ռեյտինգային ընտրակարգն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում՝ ընտրական պայքարը գլադիատորների, ցլամարտի դաշտ տեղափոխելու իմաստով: «Ես հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, հատկապես տեղերում իրենց ամենակարող համարող թեկնածուներին՝ դուք լավություն չեք անում անգամ ձեր կուսակցությանը, որովհետև այս ամենը արձանագրվում է միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, և դրանով դուք ստվերում եք ձեր կուսակցության հեղինակությունը և կոչերը ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին»,- ասաց պատգամավորը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ