«Պետք է արգելել 18 տարեկան երեխաներին բանակ տանելը». Ա. Բաղդասարյան

649

Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը ներկայացնելով ՀՎԿ նախընտրական ծրագիրը՝ ասաց, որ այն բաղկացած է 30 կետից.

«Այս ծրագրի իրականացման դեպքում մեր բյուջե կարող են մտնել հարյուր միլիոնավոր դրամներ։  Ծրագրի առաջին կետը կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմնի ստեղծումն է, որտեղ ներգրավված կլինեն քաղհասարակության, ընդդիմության ներկայացուցիչները։ Հայաստանում պետք է հատուկ օրենք ընդունվի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու, Հայաստանից ապօրինի դուրս բերված գումարները հայրենիք վերադարձնելու համար»։

Ծրագրում ներառված է նաև անցումը պրոֆեսիոնալ բանակին. «Իրատեսական ու հնարավոր է անցում կատարել պրոֆեսիոնալ բանակին։ Պետք է արգելել 18 տարեկան երեխաներին բանակ տանելը։ Մենք ռեսուրսներ ունենք այդ համակարգին անցնելու համար.  պետք է լինի պայմանագրային զինծառայողների համակարգ»։

Ա. Բաղդասարյանը նաև հավելեց, որ բավարար գումարներ կան նաև արագաչափերից ու կարմիր գծերից հրաժարվելու համար. «2015-16 թթ. արագաչափերի վրա գրվել է մի քանի միլիոն դրամի ակտ։ Մեր բյուջեում կան բավարար ռեսուրսներ։ Մենք գտնում ենք, որ, եթե նպատակն անվտանգության ապահովումն է, ապա չպետք է այդ գումարները ժողովրդից վերցնել։ Կարմիր գծերի տուգանքների մասին էլ չեմ խոսում։ Մենք առաջարկում ենք այս ոլորտում իրականացնել բարեփոխումներ։ Այսօր ՀՀ-ում նվազագույնը 300 հազար մարդ ստանում է 50 հազար աշխատավարձ, 500 հազար էլ թոշակառու կա։ Այսինքն` մոտ 800 հազար մարդ հազիվ է գոյատևում, ուր մնաց՝ կարողանան արագաչափերի ու կարմիր գծերի տուգանքները վճարել»։

Նա նաև նշեց, որ պետք է ավանդները վերադարձնել, և առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում նախատեսում են նվազագույն աշխատավարձը հասցնել հարյուր հազար դրամի:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, նա ասաց, որ նախատեսում են եղած հնարավորությունները ճիշտ օգտագործել. «Կարող ենք անցնել Հայաստան-Իրան ջրատար կառուցել, այդ ջուրն արտահանել Իրան ու գումար բերել մեր երկիր։ Առաջարկում ենք կառուցել Իրան-Հայաստան նավթամուղ, գազամուղ: Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան էներգետիկ հանգույցը պետք է զարգանա»։

Նա հավելեց. «Մենք, միևնույն է, հաղթելու ենք, մենք այսքան տարի հաղթել ենք։ Մենք դնում ենք մի նշաձող, որ հնարավորություն կտա մեր ծրագրերը կյանքի կոչել։ Դրա համար հավատալ և պայքարել է պետք «Հայկական վերածնունդ» կուսակցության հաղթանակի համար»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ