«Հաց բերողի» հիշատակին նվիրված բողոքի երթի մասնակիցները նստել են Մաշտոցի պողոտայում

634

Արթուր Սարգսյանի`«Հաց բերողի»  հիշատակին նվիրված բողոքի երթի մասնակիցները նստել են Մաշտոցի պողոտայում՝ փակելով պողոտայի երթեւեկությունը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ այս պահին երթի մի քանի տասնյակ մասնակիցներ նստել են ճանապարհի երթեւեկելի մասում եւ վանկարկում են «Հերոս Արթուր», ոստիկանությունը փորձում է բանակցությունների միջոցոց բացել ճանապարհը:

Սարգսյանի մահվան փաստով այսօր` մարտի 17-ին, քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:

Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված է եղել տեղափոխվել հիվանդանոց:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փայտի փորագրող:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ