Արծվանիստում ոչխար են մորթել Սեյրան Օհանյանի ոտքերի տակ

609

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը համաներում է խոստանում, եթե հաղթանակ տանի ընտրություններում: Այդ մասին Վարդենիսում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է համամասնական ընտրացուցակի երկրորդ համարը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը:

«Խորը համաներում ենք իրականացնելու, այն ինչ խոստացել էին իշխանությունները, բայց չարեցին: Փոքր-ինչ զանցանք անողին առավելագույն պատժաչափ են տալիս, իսկ բյուջեն թալանողին, պետության գրպանը մտնողին միայն շնորհակալագիր ու պաշտոնի բարձրացում»,- ասել է Մարտիրոսյանը եւ հավելել. «Երկրում պետք է հաստատվի արդարության մթնոլորտ»:

Մարտիրոսյանը խոսել է նաեւ ազատագրված տարածքներից եւ ասել, թե դրանք Հայաստանի զարգացման ամենամեծ խթանն են: Նա  վստահ է, որ Հայաստանը կարողանալու է պաշտպանել Արցախն ու ազատագրված տարածքները. «Մենք ներսում հզորանալով հասնելու ենք դրան, որեւէ կասկած չկա»:

Իր ելույթից հետո Արմեն Մարտիրոսյանը խոսքը փոխանցել է Վարդան Օսկանյանին՝ նրան ներկայացնելով որպես երկար տարիներ արտաքին ճակատում արդյունավետ աշխատած արտգործնախարար:

Օսկանյանն իր հերթին հայտարարել է, թե տնտեսական լուրջ ծրագիր ունեն, ամենօրյա փոփոխություններ են անելու, բարձրացնելու են սպաների աշխավարձերը, երեխաների ծննդյան համար տրվող նպաստները, գյուղացիներին հատկացվող օգնությունները: «Մենք դատապարտված չենք այսպես ապրելու: Հավատացեք, որ հնարավոր է ընտրություններով գալ իշխանության»,- ասել է Օսկանյանը՝ հավելելվ, թե իրենց՝ իշխանության գալու դեպքում Հայաստանում իրավահավասարություն եւ արդարություն է լինելու:

Նշենք, որ Վարդենիսի ճանապարհին, Արծվանիստ համայնքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներին դիմավորել են զուռնա-դհոլով, նրանց ոտքերի տակ ոչխար են մորթել: Դաշինքի անդամների հետ քարոզարշավին մասնակցում են նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն ու ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ