Քաղաքացիները երթով գնում են «Հաց բերողի» հոգեհանգստին (Ֆոտո)

405

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից այսօր՝ մարտի 21-ին, մեկնարկել է երթ՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի»: Երթի մասնակիցներն այս պահին քայլերթով շարժվում են «Սան Լազար» սգո սրահ, որտեղ ժամը 18:00-ին տեղի է ունենալու «Հաց բերողի» հոգեհանգստի արարողությունը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ երթի մասնակիցներն իրենց հետ ծաղիկներ, պսակ եւ «Հաց բերողի» լուսանկարով պաստառներ են բերել:

Արթուր Սարգսյանի հոգեհանգստից հետո այսօր, ժամը 19:00-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն: Արթուր Սարգսյանին կհուղարկավորեն վաղը՝ Շահումյանի գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

Նշենք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը 18-ին Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում (Լուկաշին 152), իսկ հուղարկավորությունը՝ մարտի 22-ին, ժամը 14-ին, նույն սրահից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ