Հղիության առաջի եռամսյակի ընթացքում վիտամին D-ի ընդունումը կարող է կանխել երեխայի մոտ աուտիզմի առաջացումը

121

Քվինսլենդի համալսարանի գիտնականներն անց են կացրել գիտափորձեր մկների վրա և պարզել, որ հղիության առաջին եռամսակի ընթացքում հավելումների և վիտամին D-ի օգտագործումը նվազեցնում է երեխայի մոտ աուտիզմի առաջացման հավանականությունը: Գիտնականներն ընդգծում են, որ վիտամին D-ն շատ մեծ նշանակություն ունի գլխուղեղի ու ոսկորների զարգացման համար: Այս մասին գրում է The Indian Express-ը:

Մարդկանց մասնակցությամբ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D-ի դեֆիցիտ ունեցող կանանց մոտ ավելի մեծ է աուտիզմով տառապող երեխայի լույս աշխարհ գալը: Իրենց հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են աուտիզմի՝ բոլորի կողմից ընդունված մոդելը, որը բնորոշվում է հաղորդակցման խանգարումներով, ուսման հետ կապված խնդիրներով ու կարծրատիպային պահվածքով:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդկանց հղիության առաջին եռամսյակին համապատասխան ժամանակահատվածում վիտամին D-ի ակտիվ ձևի հավելումներ ստացած էգ մկների սերնդի մոտ վերոնշյալ ախտանշանները չեն հայտնաբերվել:

Սակայն գիտնականները նաև նշում են, որ հղի կանանց չի կարելի է տալ այս վիտամինի ակտիվ ձևը, քանի որ այն կարող է ազդել երեխայի կմախքի զարգացման վրա: Հետագա հետազոտությունները ցույց կտան, թե կարող է արդյոք խոլիկալցիֆերոլը, որը հղիների համար անվտանգ հավելում է, պաշտպանել երեխային աուտիզմից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ