Չինացի արվեստագետ Այ Վեյվեյը ոսկեգույն մետաղից պատրաստված հսկայական կառույցներ կտեղադրի Նյու Յորքում: Այս մասին հայտնում է Artnet պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ` արվեստի գործերը կդառնան Good Fences Make Good Neighbors («Լավ ցանկապատեր` լավ հարևաններ») ինստալյացիայի մի մասը: Աշխատանքները միաժամանակ կհայտնվեն Նյու Յորքի տարբեր թաղամասերում` Մանհեթենի Ստորին Իսթ Սայդում, Բրուքլինում, Կենտրոնական պարկում և Քուինսում:
Նշվում է, որ ինստալյացիան հանդիսատեսի համար հասանելի կլինի սույն թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2018 թվականի փետրվարի 11-ը:
Ակցիայի կուրատոր Նիկոլաս Բաումեի խոսքով` արվեստագետը ցանկանում է մարդկանց ուշադրությունը հրավիրել «ցանկապատի դերին` որպես բաժանման ֆիզիկական մարմնավորում և փոխաբերական նկարագրություն»:
Հայտնի է, որ ակցիան կդառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության պատասխանը:
Այ Վեյվեյի խոսքով` նախագիծը ստեղծելու ժամանակ իրեն ոգեշնչել է ամերիկացի բանաստեղծ Ռոբերտ Ֆրոստի «Պատի նորոգումը» պոեմը: