ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում մնացել է մի քանի հարց, և դրանք ամենաբարդն են. Լավրով

562

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում մնացել է մի քանի հարց, և դրանք ամենաբարդն են։ Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք անտարբեր չենք այն բանի նկատմամբ, թե ինչ է տեղի ունենում մեր հարևան տարածաշրջանում։ Մենք շահագրգռված ենք, որ այնտեղ վերականգնվի խաղաղությունը և անդորրը, բացվեն սահմանները, վերադառնան փախստականները, վերականգնվեն առևտրատնտեսական կապերը: Հենց այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեր անվերապահ արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը հերքել է պնդումներն այն մասին, թե հակամարտության կարգավորման համար ոչ մի քայլ չի արվել: «Ղարաբաղյան թեման գտնվում է միջազգային միջնորդների ուշադրության կենտրոնում, որոնք ձեռնարկում են ինչպես հավաքական, այնպես էլ ինքնուրույն ջանքեր՝ ուղղված տվյալ խնդրի լուծմանը։ Եթե խոսենք Ռուսաստանի մասին, ապա, օրինակ, անցած տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացվել է այդ խնդրին նվիրված եռակողմ գագաթնաժողով»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը մշտապես կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումների ժամանակ: Մասնավորապես, նախարարի խոսքով, այդ խնդիրն առարկայական քննարկվել է մարտի 15-ին Մոսկվա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում:

«Իհարկե, անմասն չեն մնում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները. այդ թեմայով բովանդակալից խոսակցություն է տեղի ունեցել փետրվարին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ մարտի սկզբին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

«Հարկավոր է հաշվի առնել, որ ղարաբաղյան հակամարտության թեման շատ նուրբ հարց է, այդ պատճառով բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ են կրում»,- նշել է Լավրովը: «Դրա հետ մեկտեղ, կարող եմ ասել, որ շատ ասպեկտներ արդեն համաձայնեցվել են: Մնացել է մի քանի հարց: Բայց դրանք ամենաբարդն են»,- հավելել է նա:

Նախարարը նշել է, որ համաձայնություն ձեռք բերել դեռ չի հաջողվել, սակայն «աշխատանքը շարունակվում է»:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ