Հայաստանի հետ ակտիվ հարաբերությունների համար ստեղծել ենք ամուր հիմքեր. Կիպրոսի ԱԳ նախարար

96

Հայ-կիպրական փոխգործակցությունը կառուցվել է կուռ հիմքերի վրա, եւ միջազգային ու տարածաշրջանային կարեւորագույն հարցերի վերաբերյալ երկու երկրներն ունեն լայն փոխըմբռնում: Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ ուղերձում:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Իոաննիս Կասուլիդեսը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է Կիպրոսի առանձնահատուկ տեղը Հայաստանի համար՝ որպես եղբայրական երկիր, որի հետ մեզ կապում են ոչ միայն մեր ժողովուրդների՝ դարերի խորքից եկող պատմամշակութային բազմաթիվ առնչությունները, այլեւ փոխադարձ խոր հարգանքի ու ջերմության վրա խարսխված արդի միջպետական սերտ հարաբերությունները:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ քառորդ դարի ընթացքում հայ-կիպրական փոխգործակցությունը կառուցվել է կուռ հիմքերի վրա, եւ միջազգային ու տարածաշրջանային կարեւորագույն հարցերի վերաբերյալ մենք ունենք լայն փոխըմբռնում:

Էդվարդ Նալբանդյանը, մեծապես կարեւորելով Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ձեւավորված ավանդական ջերմ հարաբերությունները, համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի դրանք առավել զարգացնել ու խորացնել` ի շահ եւ ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների:

Իոաննիս Կասուլիդեսն իր ուղերձում նշում է, որ բարեկամական եւ եղբայրական կապերը, ինչպես նաեւ մեր պետությունների միջեւ առկա ամուր փոխհարաբերությունները շատ ավելի խորն են, քան վերջին 25 տարիները, ու շեշտում է, որ Կիպրոսը եւ Հայաստանը միայն ընդհանուր արժեքներ ու ավանդույթներ չէ, որ ունեն, այլ նաեւ կապված են պատմական եւ մշակութային բազմաթիվ թելերով:

Իր նամակում նախարար Կասուլիդեսն ընդգծում է, որ բազմաթիվ փորձությունների առկա ժամանակաշրջանում Կիպրոսը կշարունակի աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ՝ նոր հնարավորություններ ստեղծելով համագործակցության համար՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

Կիպրոսի արտգործնախարարը շեշտում է, որ ակտիվ երկկողմ հարաբերությունների համար մենք ստեղծել ենք ամուր հիմքեր, որոնք հաջողություն կբերեն մեր հետագա համագործակցության ընթացքում:

Նյութի աղբյուր՝ news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ