Գեղարքունիքցի 3 զինծառայողի ընտանիք բնակարան է ստացել

216

Բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական աջակցությամբ ապահովելու կարգի համաձայն՝ Գեղարքունիքի մարզից երեք զինծառայողի ընտանիքներ 2016 թվականի վերջում բնակարան են ստացել:

Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը  «Արմենպրես»-ի հետ ասել է, որ նախորդ տարում ՀՀ ֆինանսների նախարարություն էր ներկայացվել Գեղարքունիքի մարզից զոհված և հաշմված զինծառայողների անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները, որոնց հերթագրվելուց, անհրաժեշտ ստուգումներն անցնելուց հետո հաստատվել էր երեք ընտանիքի բնակարան ստանալու գործընթացը:

«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքով 2016 թվականի տարեվերջին սպասված բնակարանի երազանքն իրականություն դարձավ երեք ընտանիքի համար: Ճամբարակ քաղաքից զինվորական Մերուժան Գրիգորյանը, ով 2-րդ խմբի հաշմանդամություն ունի, ստացավ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը:

Ճամբարակից զոհված զինծառայող Անդրանիկ Դանիելյանի ընտանիքը ևս ստացավ գումար՝ բնակարան գնելու համար: Նախորդ տարվա ապրիլյան մարտերում զոհված, փոքրմասրիկցի զինծառայող Վրեժ Սարգսյանի ընտանիքը ևս դեկտեմբեր ամսին դարձավ բնակարանատեր»,-ասել է Սուրիկ Խաչատրյանը:

Ըստ նույն աղբյուրի՝ ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան պահանջի համաձայն, այս տարի ևս ձևակերպվել են Գեղարքունիքի մարզից բնակարանի կարիք ունեցող զինծառայողների անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները և ուղարկվել նախարարության քննարկմանը:

«Այսօրվա դրությամբ բնակարան ստանալու համար մեր մարզից հայտագրվել է 20 զինծառայողի ընտանիքի գործ, որոնք դեռ քննարկման փուլում են»,-նշել է սոցիալական ապահովության բաժնի վարիչը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ