ՊԵԿ-ը հերթական սկանդալի կիզակետում

189

Հայաստանում հերթական սկանդալն է հասունանում, այս անգամ կապված ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի  հիմնական դերակատարներից մեկի՝ ՊԵԿ-ի հետ:

Այսօր լրատվադաշտը ցնցվեց մի շարք առևտրի կենտրոնների՝ «Սուրմալու»-ի, «Փեթակ»-ի, «Առինջ մոլ»-ի առևտրականների բողոքի ցույցից, որոնք հավաքվեցին Կառավարության շենքի դիմաց և վարչապետից պահանջում էին ընդունելություն: Պատճառը մեկն էր. առևտրականները արդեն օրեր շարունակ ենթարկվում են հարկային տեռորի, ինչը լրջորեն խաթարում է նրանց ամենօրյա բնականոն գործունեությունը: Առևտրականները վարչապետից պահանջում են հանգիստ թողնել իրենց և վերջ տալ ՊԵԿ աշխատակիցների ահաբեկումներին:

Այս օրերին վերոնշյալ առևտրի կենտրոնները ողողված են ՊԵԿ-ի աշխատակիցներով, որոնք առևտրականներին վախեցնում են անհիմն ստուգումներով, հնարավոր տուգանքներով և այլն: Առևտրականները, որոնք իրենց գործով «օրվա հացի փող» են վաստակում, դուրս են եկել արդարացի բողոքի, մինչդեռ ՊԵԿ-ը անմիջապես շտապել է հայտարարություն տարածել, որ բողոքի ցույցը ուղղորդված է, իսկ հարկային ստուգումները, իբր,  նպատակ ունեն պատժել անբարեխիղճ հարկատուներին:

Պատկերացնելու համար, թե ինչ բնույթ են կրում ՊԵԿ-ի «ստուգումները», բավական է ուշադրություն դարձնել մի դրվագի, որը պատմեց բողոքի դուրս եկած կին առևտրականներից մեկը: Նա պատմեց, որ վերոնշյալ առևտրի կենտրոններից մեկում ներխուժել են ՊԵԿ-ի  60 աշխատակիցներ, որոնք «ստուգումների» անվան  տակ ստուգում են առևտրականներից գնումներ կատարած քաղաքացիների պայուսակները:

Հետաքրքիր է, ի՞նչ իրավուք ունի ՊԵկ-ի աշխատակիցը ստուգել առևտուր արած քաղաքացու պայուսակը, ո՞ր օրենքով, տեղյա՞կ է այս ամենաթողության ու սանձարձակ գործունեության մասին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը կամ վարչապետը: Եթե ոչ, ապա տեղեկացնում ենք նրանց, որ ՊԵԿ-ի աշխատակիցների նմանատիպ պահվածքը  ոչ թե հարկային ստուգում է, այլ սովորական տեռոր, որի զոհն են փաստորեն դառնում նաև շարքային քաղաքացիները:

Ո՞րն է այժմ  ՊԵԿ-ի նպատակը. հարկային տեռորի գնով հասնել նրան, որ իրենց ազնիվ աշխատանքով ապրող առևտրականնե՞րն էլ արտագաղթեն հանրապետությունից: Թե՞ ՊԵԿ-ը պարզապես  ցանկանում է ցույց տալ, որ աշխատում են, այսինքն աշխատանքի իմիտացիա անել:Թե՞,որ ավելի վատ, ինչպես նշել էր թերթերից մեկն այս ամենն արվում է միտումնավոր առևտրականներին նեղացնելով՝ ուղղորդել դեպի այլ առևտրի կենտրոն:
Եթե նպատակը դա է, ապա իրագործման մեթոդները պարզապես խայտառակություն են ՊԵԿ-ի համար, իսկ եթե նպատակը իրապես հարկային տեռոր իրականացնելն է, ապա ՊԵԿ-ն արդեն ստացել է այդ նպատակի պտուղները՝ ի դեմս Կառավարության շենքի առաջ բողոքի ցույց անող բազմաթիվ հարկատուների:

ՊԵԿ-ի հապճեպ տարածած հաղորդագրությունը միայն մատնում  է իրական մտադրությունները, իսկ փաստացի այսօր ՊԵԿ-ը ևս մեկ լուրջ խնդիր դրեց հայրենի Կառավարության առանց այն էլ խնդիրներով ծանրաբեռնված ուսերին:

Ի դեպ, լրահոսում տվյալներ են հայտնվել, որ «Առինջ մոլ»-ը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, իսկ «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կետերը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանին:
Հասկանալի է, որ այս լուրերը շրջանառելով,  լավագույն ավանդույթների համաձայն փորձ է արվում այս ամենը կրկին կապել անձերի հետ, քաղաքական աստառ հաղորդել   բողոքի ակցիային: Սակայն ամեն ինչը չէ, որ պետք է հանգեցնել անձերի կամ հայտնի գործիչների անուններին, ի վերջո մեջտեղում ՀՀ քաղաքացին է , որը բազմիցս ապացուցել է, որ օրհասական պահին կարող է տեր կագնել իր իրավունքներին և հիմա այդ պահերից մեկն է:

 

Արեգ Հասրաթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ