«Երիտասարդը Ստեփանավանից Գյումրի էր եկել հատուկ ռուս զինծառայողի սպանելու համար». «ՀԺ»

557

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գյումրիից քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի կարծում, որ ռուս զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության պատճառով կարող է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների և գյումրեցիների հարաբերությունները լարվել: Հիշեցնենք, որ Դ. Յալպաևը սպանվել է ապրիլի 22-ին Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ: Սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել, ապա երեք օր անց կալանավորվել է 21-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն): Այս սպանությանը վերաբերող մի քանի հարցերի մասին զրուցեցինք քաղաքագետի հետ:

– Պարոն Համբարյան, այս դեպքի առիթով Գյումրիում ի՞նչ զարգացումներ կան:

– Բարդ իրավիճակ է, Գյումրիում իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում: Իսկ հիմա պարզ է դառնում, և բավականին հավաստի են տեղեկությունները, որ երիտասարդը ռուս զինվորականի սպանելու համար Ստեփանավանից հատուկ Գյումրի էր ժամանել: Ես որքան տեղյակ եմ, և որքան նույն իրավապահ մարմիններն են ասում, նա մահմեդականություն ընդունած հայ է, որը երկար տարիներ Հայաստանում չի ապրել, հետո եկել է այստեղ և ապրում էր պապի հետ: Նա այդ օրը Գյումրի էր եկել մեկ նպատակով՝ հավանաբար ռուս զինվորականի սպանելու նպատակով: Սա շատ մտահոգիչ դեպք է, որովհետեւ որքան էլ նա երիտասարդ ու հոգեկան հիվանդ լինի, իմ կարծիքով նրան ուղղորդել են:

– Ովքե՞ր կամ ի՞նչ շրջանակներ են ուղղորդել նրան:

– Շրջանակները տարբեր կարող են լինել: Ադրբեջանական կամ թուրքական գաղտնի ծառայությունները բավական ակտիվ են աշխատում մեր տարածաշրջանում: Եվ նրանց գլխավոր նպատակն է սրել հայ-ռուսական հարաբերությունները: Այլ ուժեր նույնպես կան, որոնց ձեռնտու չեն հայ-ռուսական լավ հարաբերությունները: Բայց իմ կարծիքով ռուսները դա շատ լավ հասկանում են, որ կան ուժեր, որոնք ամեն ինչի ընդունակ են սրելու հայ-ռուսական հարաբերությունները, և ընդհանրապես, իրավիճակը Հայաստանում, դրա համար էլ իրենց զուսպ պահեցին: Իսկ այդ տղայի կողմից Գյումրին պատահական չէ ընտրված: Չէ որ Գյումրիում է գտնվում է 102-րդ ռազմաբազան և նրա անձնակազմը, որը 5000-ից ավելին է:

– Նաև տեղեկություններ հրապարակվեցին, թե Ա. Ջանջուղազյանն իսլամիստների հետ է կապ ունեցել:

– Այո, այդ վարկածն էլ կա: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն նրա մոտ Ղուրան է եղել, և մարմնի վրա Ղուրանից դաջվածքներ են եղել: Նա չի էլ թաքցրել, որ մահմեդական է: Այո, կա վարկած, որ իսլամիստներից է ուղղորդված: Եվ ուղղորդված է, քանի որ նա չէր կարող շատ միամիտ հայտնվել այդտեղ: Նա բավականին լավ տեղեկացված է եղել, որ ռուսական զինվորականները հիմնականում որ թաղամասում են, որտեղ են ավելի շատ մուտք ու ելք անում: Եվ պատահական չէ, որ նա հայտնվել է Բուլվարային կոչվող թաղամասում և այն խանութի մոտ, որտեղից էլ ռուս զինվորականերն առևտուր են անում: Ինչու նա չհայտնվեց քաղաքի կենտրոնում կամ Արցախ թաղամասում: Չհայտնվեց, որովհետև այդ թաղամասերում ռուս զինվորականները չեն լինում: Այստեղից էլ հետևություն, որ նա բավականին լավ ուսումնասիրել է ռուս զինվորականների կուտակման վայրերը: Այնպես որ կարող էր իսլամիստներից ուղղորդված լինել, որոնք ջիհադ են հայտարարել Ռուսաստանի նկատմամբ: ՀՀ-ն ևս նրանց համար թշնամական երկիր է համարվում:

– Իսկ ռուս զինծառայողների կամ Գյումրիի ռուսական համայնքի կողմից դժգոհություն, լարվածություն չկա՞ այդ սպանության պատճառով:

– Ռուսական ռազմաբազան «շատ մեծ» օրգանիզմ է և ամեն ինչ պատահում է: Ռուսական ռազմաբազայի զինծառայողները տարիներ շարունակ տարբեր հանցանքներ են գործել ՀՀ տարածքում՝ մարդկանց են մահացու վրաերթի ենթարկել, նույն այդ «Արգո» խանութի դիմաց քանի դեպք է եղել: Վահրամաբերդ գյուղում ռուս զինվորականների անփութության պատճառով երկու անչափահաս երեխա մահացավ: Չեմ մոռանում, որ հարբած ռուս զինվորականները կրակոցներ բացեցին քաղաքի կենտրոնում, որի հետևանքով մեկ մարդ զոհվեց, յոթ հոգի էլ ծանր վիրավորվեցին: Այնուամենայնիվ, Գյումրիի բնակչությունը լարվածություն չի դրսևորել ռուս զինվորականության նկատմամբ: Նույն Պերմյակովի դեպքը: Եվ այսքանից հետո ռուս զինվորականները բարոյական իրավունք ունե՞ն այս դեպքի պատճառով լարվել քաղաքի բնակչության հետ: Դժբախտություն է տեղի ունեցել, և ինչպես իրենք, այդպես էլ մենք արդարադատություն ենք պահանջում: Պետք չէ քաղաքականացնել դա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ