Արարատ Զուրաբյան. «Որոշում եմ կայացրել Ազգային Ժողովի անդրանիկ նիստում հայտարարել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին. «168 ժամ»

473

168.am-ի հարցին պատասխանում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը

– Պարոն Զուրաբյան, Դուք այն 12 թեկնածուների շարքում էիք, ովքեր ԿԸՀ–ում հետ վերցրեցին ինքնաբացարկի դիմումները։ Այդ թեկնածուների մի մասը պնդում էր, որ իրենք ինքնաբացարկի որևէ դիմում չեն ստորագրել։ ԿԸՀ–ում Դուք որևէ մեկնաբանությամբ հանդես չեկաք։ Ի՞նչ է տեղի ունեցել «Ծառուկյան» դաշինքում իրականում, այդ թվում նաև Ձեր պարագայում։

– Անկեղծ ասած, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ լսելով որոշ թեկնածուների արտահայտություններն առ այն, որ իրենք ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել, խիստ զարմացա։ Դա, մեղմ ասած, տարակուսելի էր, քանզի գոնե ես տեղյակ էի, որ այդ մարդիկ գոնե իրենց հոգու խորքում գիտակցում են, որ մեղանչում են ճշմարտության դեմ։ Այդ պատճառով ես չպատասխանեցի լրագրողների հարցերին՝ իրավիճակն ամբողջությամբ վերլուծելու և կատարվածը լիարժեք հասկանալու համար։

Ինչ վերաբերում է անձամբ իմ պարագային, ապա ես որևէ պայմանավորվածություն չեմ ունեցել, որևէ պարտավորություն չեմ ստանձնել՝ ինչ-որ քանակի ձայն հավաքելու վերաբերյալ։ Հանդիսանալով Հայոց Համազգային Շարժում կուսակցության նախագահ՝ ես «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկվել եմ բացառապես քաղաքական պայմանավորվածության արդյունքում, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրումը ածանցվել է նշածս քաղաքական պայմանավորվածությունից՝ չհանդիսանալով նախապայման ապագա որևէ զարգացման համար։

Ուստի՝ չցանկանալով նույնականացվել երերուն արժանապատվության և ազնվության շքահանդեսի մասնակիցների, մարդկային այդ ճղճիմ տեսակի հետ, ես որոշում եմ կայացրել Ազգային Ժողովի անդրանիկ նիստում հայտարարել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ