Տիգրան Համասյանի երևանյան համերգի էմոցիաներն ու հետաքրքիր դրվագները

177

Նա պատրաստ է լսել քննադատություններ և բողոքում է Հայաստանում երաժշտական քննադատների և մրցակցության բացակայությունից, սակայն հերթական անգամ ստիպված է լսել միայն հիացական խոսքեր. Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ աշխարհահռչակ հայ երաժիշտ Տիգրան Համասյանի համերգը, որից հանդիսատեսը հեռացավ հիացած։ Այս մասին են վկայում ոգևորված բացականչություններն ու հոտնկայս անդադար ծափահարությունները համերգից հետո։ Հանդիսատեսը հրաժարվում էր բաց թողնել Համասյանին` անդադար ծափահարությունների ազդեցությամբ նա 3 անգամ բեմ վերադարձավ։

Համասյանի համերգին ներկա չէր ամբողջ շոու բինզեսը, սակայն նրա կատարումները վայելեցին, ապա նրան հոտնկայս ծափահարեցին այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Տիգրան Մանսուրյանն ու Արտավազդ Փելեշյանը։

Համասյանը համերգը սկսեց շնորհակալական խոսքով. «Ես այստեղ եմ, որովհետև դուք եք այստեղ։ Դրա համար շատ շնորհակալ եմ»։ Tert.am Life–ը ներկայացնում է համերգի հետաքրքիր դրվագները` Համասյանի ապրումներն ու համերգից հետո հարցազրույցի հետաքրքիր հատվածները։Ելույթի ժամանակ տպավորություն էր, որ Համասյանն ինչ–որ ուրիշ աշխարհում է, ուր տեղափոխում է նաև հանդիսատեսին։ Հետո մի հայացք հանդիսատեսին ու հասկանում ես, որ նա «այստեղ» է ճիշտ այնքան, որքան այստեղ չէ, որսում է հանդիսատեսի ջերմությունն ու էներգիա ստանում։ Ելույթից հետո Համասյանն ասաց, որ իր նպատակը ոչ թե ծափահարությունների հետևից գնալն է, այլ հանդիսատեսին բարձրացնելը դեպի այլ աշխարհ։

«Ինձ համար ամենակարևորն է ժողովրդին բերել մի տեղ, որտեղ իրենք չէին եղել։ Հուսով եմ` ստացվեց։ Անհամբեր սպասում էի այս համերգին, որպեսզի ներկայացնեմ նոր երաժշտություն։ Անցած համերգից հետո լուրեր էին տարածվել, որ քիչ եմ նվագել, այս անգամ տեղը հանեցի։) Շատ դրական էներգիա ստացա հանդիսատեսից, էմոցիանալ խորը մեսիջներ։ Այստեղ հանդիսատեսն այլ կերպ է լսում երաժշտության հայկականությունը, եվրոպացիները կամ  ամերիկացիները այլ կերպ են լսում` նրանց համար հայկականը էկզոտիկա է, իսկ մեզ  համար` հոգեհարազատ մեղեդի։ Այստեղ ավելի խորն են լսում և հասկանում իմ երաժշտությունը»,– ասաց նա, ապա հավելեց, որ այս արդյունքը տարեցտարի է գրանցել։

«Ես իմ ասելիքը հաղորդում եմ երաժշտության միջոցով։ Այս ալբոմը սոլո է, միայն ես եմ նվագում, երգում։ Ամեն մարդ իր պատկերացմամբ է ընկալում ասելիքները։ Ինձ մոտ երաժշտությունից է ծնվում երաժշտությունը, բացառիկ դեպքեր են լինում, որ ինչ–որ բան կարդամ, դրանից ոգևորվեմ»,– ասաց Համասյանը։ Նրա երաժշտությունը ներառում է տարբեր ժանրեր։ Ինքը` Համասյանը, դեմ է երաժշտությանը ժանրային տարանջատում տալ։ «Առհասարակ, նախընտրում եմ երաժշտությունը ժանրային անվանում չտալ։ Երաժշտությունը կարելի է բացատրել միայն երկատությամբ։ Ժանրերը ստեղծված են մարքեթինգի և այլ բաների համար»,– ասաց նա։

Հին ստեղծագործությունները նվագել Համասյանը չի սիրում, քանի որ կարևորում է հանդիսատեսին անընդհատ նորություններ տալը։

An Ancient Observer ալբոմը երաժիշտը համերգային շրջագայություններով կներկայացնի աշխարհի տարբեր երակներում։ Շրջագայությունը կտևի մինչև 2018 թվականի ավարտը։ Նրա հաջորդ կանգառը Շվեյցարիան է, ապա Ռուսաստանը, Ճապոնիան, Ավստրալիան, Գերմանիան և այլ երկրներ։ Հայաստանի մարզեր գնալու ծրագրեր երաժիշտն այս պահին չունի, սակայն վստահ է, որ այդպիսիք կլինեն։

Չնայած ստացած մեծ էներգիային` համերգից հետո Համասյանի ամենամեծ ցանկությունն էր գնալ տուն և քնել, իսկ այսօր հանդիսատեսը նրան ևս մեկ անգամ լսելու հնարավորություն կունենա։

                                                                              Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ