«Ժամանակ». Բացառապես Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ կամ կմնամ ԱԺ-ում, կամ վայր կդնեմ մանդատս. Սերգեյ Բագրատյան

470

«Ժամանակ» թերթը գրում է.

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը:

-Պարոն Բագրատյան, մամուլը գրում է, որ Դուք էլ ձեր մյուս 7 «ըմբոստացած» կոլեգաներով ԱԺ առաջին նիստին վայր եք դնելու պատգամավորական մանդատը: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:

-Ես հանդիսանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը, Գագիկ Ծառուկյանը եղել և մնում է իմ ավագ ընկերը, խորհրդատուն, քաղաքական առաջնորդը: ԲՀԿ ամբողջ գործունեության ընթացքում մասնակցել եմ բոլոր համապետական և ՏԻՄ ընտրություններին, և նաև իմ ջանքերով ապահովելով «Բարգավաճ Հայաստան»-ի հաջողությունը: Ես երբեք և երբևէ չեմ ժխտել իմ ստորագրությամբ ինքնաբացարկի դիմումի առկայության փաստը: Դիմումը միանշանակորեն գրվել և ստորագրվել է իմ կողմից: Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ և երաշխավորությամբ՝ ընդգրկված լինելով «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականում, ինքնաբացարկի դիմումը հետ եմ վերցրել՝ տեղեկացվելով քաղաքական որոշման փոփոխության մասին: Բայց պատգամավորական մանդատը վերցնելուց հետո հանդիպել եմ Գագիկ Ծառուկյանի հետ, ներկայացրել ստեղծված իրավիճակի մանրամասները: Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ և համաձայնությամբ կշարունակեմ աշխատանքը թե կուսակցությունում, թե ԱԺ-ում՝ բացառապես «Ծառուկյան» դաշինքի խմբակցության կազմում, և բացառապես Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ:

Այսինքն՝ Ծառուկյանը ասել է, որ Դուք շարունակելո՞ւ եք մնալ պատգամավոր:

-Պարոն Ծառուկյանը իր գլխավորությամբ քաղխորհրդի նիստ կանցկացնի և կտեղեկացնի մեզ:

Այսինքն՝ դեռ պետք է որոշի:

-Այո, քննարկումներ պետք է լինեն:

-Իսկ եթե որոշի, որ պետք է վայր դնեք մանդատը, կհամաձայնե՞ք այդ որոշման հետ:

– Ես արդեն նշեցի՝ բացառապես Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ: Ինչպես որոշի, այնպես էլ կլինի:

-Դուք ասացիք, որ ինքնաբացարկի դիմումը գրվելէ բացառապես Ձեր ձեռքով և դրանում Ձեր ստորագրությունն է: Բայց Դուք ԿԸՀ-ից դիմումը հետ վերցնելուց բոլորովին այլ բան էիք ասում: Դուք հայտարարեցիք, որ վիրավորված եք Ձեզ զգում կատարվածի համար և, անգամ, չբացառեցիք ԲՀԿ-ից դուրս գալու հնարավորությունը: Ի՞նչ փոխվեց այս մի քանի օրվա ընթացքում:

-Ես այդ օրը հայտարարել եմ, որ ես եմ գրել այդ դիմումը, քանի որ այդ դիմումի նպատակը եղել է քաղաքից կամ հանրապետությունից բացակայելը, որ եթե նման դեպք լինի, կարողանան այդ դիմումները ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ես այդպես եմ ասել:

Իսկ ինչո՞ւ էիք ասում, թե վիրավորված եք կատարվածի համար:

-Ես վիրավորված եմ եղել բացառապես մեր կուսակցության տեխնիկական աշխատակիցներից, որոնք պետք է տեղեկացնեին քաղաքական խորհրդի որոշման փոփոխության մասին:

Որ Ձեր անունից դիմում են տարել և Ձեզ տեղյա՞կ չեն պահել:

-Այո, ինձ ասում էին, որ չեն տարել, բայց հետո պարզվեց, որ տարել են դիմումը: Դա է եղել:

Իսկ հիմա որևէ նեղացվածություն չկա՞ ԲՀԿ-ից:

-Չկա, որովհետև պարզվեց, որ ես տեղյակ չեմ եղել: Մանդատը վերցնելուց անմիջապես հետո ես հանդիպեցի Ծառուկյանի հետ և պարոն Ծառուկյանն ասաց, որ իմ հեռախոսն անջատված է եղել, իրենք չեն կարողացել կապվել ինձ հետ և տեղեկացնել, որ դիմումը տանում են: Ես էլ շտապել եմ, որպեսզի չուշանամ, դիմումը հետ վերցնելու ժամկետը բաց չթողնեմ: Գնացել, հետ եմ վերցրել դիմումը, որից հետո հանդիպել եմ Ծառուկյանի հետ, և ամեն ինչ պարզաբանվել է:

-Բայց Ծառուկյանից հետաքրքրվեցի՞ք, թե ինչու էին Ձեր ինքնաբացարկի դիմումը տարել ԿԸՀ, եթե Դուք ցուցակի անցողիկ տեղում էիք և քիչ ձայն չէիք հավաքել:

-Քաղաքական խորհրդի որոշման փոփոխություն էր տեղի ունեցել: Այսքանը: Ավելացնելու բան չկա:

ՀԳ.Նշենք, որ ԱԺ առաջին նիստում Ծառուկյանի ցանկությամբ և որոշմամբ պատգամավորական մանդատը վայր դնելու պատրաստակամության մասին արդեն իսկ հայտարարել են Նապոլեոն Ազիզյանը, Վահան Կարապետյանը (Չերի Վահան), Արարատ Զուրաբյանը:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ