Պոստսովետիզմի հետքերով

341

20-րդ դարի 70-ականների կեսերից աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում սկիզբ է առնում տոտալիտար ու ավտորիտար քաղաքական ռեժիմների տապալման մի ալիք, որը Սամուել Հանդինգթոնի կողմից բնորոշվեց որպես դեմոկրատացման «երրորդ ալիք»: Սա սկիզբ առավ Հարավային Եվրոպայում, երբ տապալվեցին Պորտուգալիայի, Իսպանիայի և Հունաստանի ռազմական դիկտատուրաները: Այնուհետև ալիքը տարածվեց Լատինական Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայի որոշ երկրներում, իսկ արդեն ավելի ուշ այն նաև համակեց ողջ ԽՍՀՄ-ը, որտեղ սկիզբ առած վերակառուցման քաղաքականության արդյունքը եղավ խորհրդային տոտալիտար կառավարման համակարգի փլուզումը:

Վիճակագրական առումով հարկ եմ համարում փաստել, որ Արևմուտքում կայացած ժողովրդավարական ինստիտուտները փորձեցին մեխանիկորեն ներդրվել այնպիսի անցումային հասարակություններում, որտեղ ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար անհրաժեշտ սոցիալ-տնտեսական, սոցիալ-մշակութային, արժեքային-գաղափարական նախադրյալները զգալիորեն քիչ էին կամ ուղղակի հիմնովին բացակայում էին: Փորձը ցույց տվեց, որ գործընթացի նման կերպ իրականացումը ոչ միայն չի հանգեցնում ժողովրդավարական հասարակարգի հաստատմանը, այլև հող է հանդիսանում ավտորիտար վարչակարգի մի ձևից մյուսին փոխակերպման համար, ինչն իր հերթին հանգեցնում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական խոր ճգնաժամի: Նմանատիպ գործընթացն ընդունված է անվանել «վազող արդիականացում»: Հետխորհրդային երկրների արդիականացման փորձի պարագայում այս դիտարկումն առավել ակնառու է:

Freedom House-ի՝ 2017 թվականի զեկույցում հետխորհրդային երկրներից՝ Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը, դասվում են ոչ ազատ երկրների շարքին, Ղրղզստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը՝ կիսազատ. միայն Մերձբալթյան երեք հանրապետություններն են համարվում ազատ երկրներ: Ակնայտ է, որ պատմական ընդհանուր անցյալ ունեցող երկրների շարքում երեք շերտ է տարբերակվում, ինչը պետք է կապել նախ և առաջ այդ երկրների ազգային-էթնիկական, սոցիալ-մշակութային որոշակի առանձնահատկությունների հետ:

ԽՍՀՄ փլուզումը նշանավորեց ոչ միայն «սառը պատերազմի» և երկբևեռ աշխարհակարգի, այլ նաև ժամանակի ամենախոշոր էթնոսոցիալական ծրագրերից մեկի` ԽՍՀՄ կազմի մեջ մտնող բոլոր ժողովուրդներից մեկ-միասնական, սոցիալիստական միանման բովանդակությամբ մշակույթ ունեցող սոցիալական նոր հանրույթ` «խորհրդային ժողովուրդ», և «սովետական մարդու» (Homo Soveticus) ձևավորման ավարտը:

Հետխորհրդային կառավարող էլիտաները բաղկացած էին ավտորիտար հասարակությունում ծնված ու որպես այդ հասարակության անդամ կայացած մարդկանցից, ովքեր ավտորիտար քաղաքական մշակույթից զատ ժողովրդավարական որևէ սկզբունքների կիրառման, ժողովրդավարական մշակույթի ու պրակտիկայի ականատես չեն եղել, և արդեն իրենք, գալով իշխանության, թեև ֆորմալ կերպով պահպանում են հռչակված դեմոկրատական որոշակի ընթացակարգեր ու նորմեր, գործնականում շարժվում են նախորդ համակարգի փոխանցած գործելակերպով ու գործիքակազմով: Ուստի ավտորիտար հասարակության երկարամյա անդամները չէին կարող միանգամից` առանց աստիճանական զարգացման, ձևավորել ժողովրդավարական հասարակարգ:

Ամփոփելով նշեմ, որ անցումային հասարակություններում ժողովրդավարական ինստիտուտների պատշաճ գործունեությունը և համապատասխան քաղաքական մշակույթի ձևավորումը կարող է տևել մինչև 15 և ավել տարի, հաշվի առնելով այն փաստը, որ հետխորհրդային երկրներում խնդիր էր դրված իրականացնել ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-տնտեսական կյանքի արմատական բարեփոխումներ, ապա արդիականացման գործընթացը առավել բարդ և երկարատև է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ