Լրատվամիջոցները նոր մանրամասներ են պարզել Մանչեսթերի ենթադրյալ ահաբեկչի մասին

368

Մայիսի 22-ի երեկոյան բրիտանական Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ահաբեկչության ենթադրյալ իրագործողը՝ Սալման Աբեդին, արյունալի պայթյունից մի քանի օր առաջ վերադարձել էր Լիբիայից:

Մահապարտի դպրոցական ընկերը The Times-ին պատմել է, որ ահաբեկիչը 3 շաբաթ առաջ մեկնել էր Լիբիա ու մի քանի օր առաջ էր վերադարձել Մեծ Բրիտանիա:

Այժմ իրավապահները փորձում են պարզել, թե արդյոք Աբեդին կարող էր նախապատրաստված լինել Լիբիայի գրոհայինների ճամբարում, որտեղ «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումները միավորվել են կառավարական ուժերի դեմ պայքարի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ 22-ամյա Սալման Աբեդին ծնունդով Մանչեսթերից է:

Մինչդեռ NBC-ն հայտնում է, որ Աբեդին Լիբիայից բացի նախապատրաստում է անցել մի շարք այլ երկրներում ու կապված է եղել «Ալ Քաիդա»-ի հետ: Այդուհանդերձ՝ դեռևս հաստատված չէ, որ նա եղել է խմբավորման անդամ:

Ինչ վերաբերում է մահապարտի պայթեցրած ռումբին, ապա այն եղել է մեծ ու պատրաստված այնպիսի նյութերից, որոնք դժվար է գտնել Մեծ Բրիտանիայում: Ուստի՝ ակնհայտ է, որ Աբեդին կողմնակի օգնություն է ստացել:

Մեծ Բրիտանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը լուրջից մինչև ծայրահեղ, ինչի մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը:

Նա հայտնել է, որ զինվորականները՝ ոստիկանության հրամանատարությամբ, ապահովելու են անվտանգությունը մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ, օրինակ՝ ֆուտբոլային հանդիպումների ու տարաբնույթ համերգների։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ