Նոր մանրամասներ Արամ Աթեշյանի հրաժարականի մասին

144

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարականի մասին հայտնել է Ստամբուլի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների ու բարերարների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում:

Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, ժողովին մասնակցած համայնքի ներկայացուցիչները հանդիպումից հետո լրատվամիջոցներին հայտնել են, որ Արամ Աթեշյանը հրաժարական է տվել:

Այսպիսով՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացի մեկնարկը կարելի է տրված համարել, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:

Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն էր ուղարկել, որն իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Դրանից հետո Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշյանի մատուցած պատարագներն ու ելույթները, կազմակերպել ստորագրահավաքներ՝ պահանջելով Աթեշյանի հրաժարականը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ