Սերժ Թանկյանը ցանկանում է Հայաստանում ռոք փառատոն հիմնել

236

System of a Down խմբի մենակատար, ակտիվիստ Սերժ Թանկյանը հայտարարել է, որ ցանկանում է Հայաստանում հիմնել ռոք փառատոն։

«Միշտ երազել եմ Հայաստանում նման միջազգային փառատոն հիմնելու մասին»,- «Ֆրանսպրեսի» հետ զրույցում ասել է Սերժ Թանկյանը։

Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի Հայաստանը ներառել եվրոպական ամառային փառատոների ծրագրերում, և արևմտյան երաժիշտներն ու խմբերը հնարավորություն կունենան ելույթ ունենալ Հայաստանում․ «Որքան փորձել եմ զբաղվել քաղաքական ու սոցիալական աշխատանքով, այնքան էլ կցանկանայի ժամանակ հատկացնել ու զբաղվել արվեստով՝ երաժշտությամբ»։

Թանկյանը հիշել է System օf a Down-ի երևանյան համերգը՝ ասելով, որ համերգի ժամանակ նայում էր երիտասարդներին ու հիշում իր տատիկին ու պապիկին․

«Որոշ իմաստով կարող եմ ասել, որ System of a Down-ի ողջ կարիերան կառուցվել էր այդ մեկ համերգը տալու համար»,- խմբի երևանյան համերգի իր տպավորություններն ամբողջացրել է նա։

Ներկայում ռոք խումբը Եվրոպայում է՝ համերգային շրջագայություններով։ Հունիսի 1-ին ելույթ ունեցան Ցյուրիխում, իսկ հունիսի 3-ին խումբը համերգ ունի Նյուրնբերգում։

System of a Down-ը Երևանում տասնյակ հազարավոր երկրպագուների առաջ հանդես եկավ 2015-ի ապրիլի 23-ին «Արթնացրեք հոգիները» (Wake up the Souls) համերգային շրջագայության շրջանակում։ Այդ օրը համերգի ժամանակ նա ուղերձներ հղեց Հայաստանի իշխանություններին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ