«Տավուշ տեքստիլը» մինչ 2020թ. կիրականացնի $17 միլիոնի ներդրում

220

Տավուշի սահմանամերձ համայնքներում շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերությունն ընդլայնում է արտադրության ծավալները և արտադրամասերը. մի քանի ամիսից Բերդի նորակառույց արտադրամասը ևս կսկսի իր աշխատանքները։ Ընկերությունն ընդլայնում է նաև Արծվաբերդ համայնքի արտադրամասի տարածքը, որի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Բերդ և Արծվաբերդ համայնքների արտադրամասերում շրջայցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանն ասաց, որ Բերդ համայնքում ընկերությունը ձեռք է բերել նախկին «Ռելեի գործարանի» տարածքը, որն ունի 5 շենք-շինություն: Նրա խոսքով՝ ընկերության արտադրանքի պահանջարկը մեծ է, քանի որ մեծ է նաև շուկան: Ընկերության արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան և Ուկրաինա, սակայն մտածում են նաև ԱՄՆ և Եվրոպա արտահանում իրականացնելու մասին:

«Հիմնական արտադրական մասնաշենքը կլինի եռահարկ շինությունը, յուրաքանչյուր հարկի մակերեսը կազմում է 1600քմ: 2018թ. մարտից նախատեսվում է կառուցել ևս մեկ արտադրական մասնաշենք՝ 2500քմ ընդհանուր մակերեսով, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2020թ. հունիսին: Բերդի մասնաճյուղում իրականացվելու են ձեռնոցների արտադրության ամբողջական ցիկլը ներառող աշխատանքներ, մասնավորապես՝ գործում, եզրակարում և ծածկութապատում»,- ընդգծեց Եզեկյանը։

2017թ. հունիսի վերջին մասնակի կմեկնարկի արտադրական մասնաշենքի 3-րդ հարկի արտադրամասը, որտեղ կտեղադրվի 100-120 հաստոց, և կաշխատի շուրջ 40 աշխատակից: Արտադրամասերն ամբողջ հզորությամբ աշխատելու ժամանակ նախատեսվում է աշխատակիցների ընդհանուր թիվը հասցնել 800-ի՝ ամսական 120 հազար դրամ միջին աշխատավարձով:

Ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, սահմանամերձ համայնքներում գործարարները պետք է ներդրումներ կատարեն․ հակառակորդի սահմանամերձ լինելը բիզնեսին չի որևէ ձևով չի խանգարում, այստեղ որոշ արտոնություններ ևս տրվում են, օրինակ` իրենց ընկերությունը շահութահարկ չի վճարում։ Նրա խոսքով՝ եթե գործում ես օրենքի դաշտում, պետությունն էլ փորձում է արտոնություններ տալ։

«Ես վաղուց էի ցանկանում Տավուշի մարզում ձեռնոցների արտադրություն հիմնել: Հետո տեսա, որ կա դրա լուծման բանալին, քայլ արեցի այդ ուղղությամբ և ստացվեց: Անցած տարի մեր շրջանառությունը կազմել է 1 միլիարդ դրամից ավելի, իսկ այս տարի կլինի ավելի քան երկու միլիարդ»,- ընդգծեց նա:

Նա մանրամասնեց, որ 2017թ. 4 ամիսների ընթացքում ընկերության կողմից թողարկվել է 12 մլն. զույգ ձեռնոց՝ շուրջ 550 մլն. դրամի, որից արտահանվել է շուրջ 530 մլն.-ի արտադրանքը։

Ընկերությունը նախատեսել է 2015-2020թթ. ընթացքում կատարել շուրջ 17 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում։ Ընկերության կողմից արդեն իսկ իրականացվել է 4․5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում , որից 2,4 մլն.-ը՝ Չորաթանում, Արծվաբերդում՝ 800 հազար, Բերդում և Մովսես գյուղում՝ 30․000 ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում, այցելել է նաև այս արտադրամասեր։

Անի Գևորգյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ