ԿԲ-ն նախատեսում է շրջանառության մեջ ներդնել նոր միավոր՝ 2000 դրամանոց թղթադրամ

178

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նախատեսում է նոր՝ 2000 դրամանոց թղթադրամ ներդնել շրջանառության մեջ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանը։ Նա նշեց, որ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ընդհանուր ծավալում միջին դրամանիշը կազմում է շուրջ 2000 դրամ, ինչը նշանակում է, որ վերջինս պահանջված անվանական արժեք է տնտեսության մեջ։

-Վերջերս Կենտրոնական բանկի պաշտոնյաները մի քանի առիթներով նշել են նոր թղթադրամներ շրջանառության մեջ դնելու մասին: Կներկայացնե՞ք որոշ մանրամասներ:

– Նախատեսվում է անցնել Հայաստանի Հանրապետության նոր՝ III շարքի թղթադրամների ներդնմանը, որի նպատակն է նորացնել ներկայումս շրջանառության մեջ գտնվող թղթադրամների շարքը, որը ներդրվել է դեռևս 1998-2003 թվականներին և ունի միջինում 15 տարվա վաղեմության ժամկետ:

Նշեմ, որ այս 15 տարիների ընթացքում պաշտպանված տպագրության տեխնոլոգիաները մեծ առաջընթաց են ապրել՝ ստեղծվել են նոր տեսակի հումքեր, որոնք թույլ են տալիս երկարացնել թղթադրամների «կյանքի» տևողությունը և ապահովել «մաքուր» դրամաշրջանառություն, ինչն անկասկած բնակչության մոտ ստեղծում է համապատասխան վերաբերմունք ազգային արժույթի նկատմամբ:

– Նշեցիք թղթադրամների տպագրման նոր տեխնոլոգիաների մասին: Դրանք կարո՞ղ են օգտագործվել այլ ուղղություններով ևս, օրինակ՝ նպաստել դրամների հեշտ ճանաչմանը, ավելի բարդացնել կեղծարարությունը և այլն:

– Իհարկե։ Բացի իմ թվարկածներից, նոր սերնդի պաշտպանական հատկանիշները տեխնիկապես այնքան կատարելագործված են, որ թղթադրամների կեղծումը դառնում է գրեթե անհնար, իսկ բնակչության համար անհամեմատ հեշտանում է դրանց իսկության ստուգումը. մեկ հայացքը բավարար է, որպեսզի ճանաչվի թղթադրամը և որոշվի դրա իսկությունը:

Կենտրոնական բանկի որոշումը հիբրիդային հումքով թղթադրամներ թողարկելու և դրանց վրա նոր սերնդի պաշտպանական հատկանիշներ կիրառելու վերաբերյալ հիմնականում ուղղված է այս խնդիրների լուծմանը:

Սակայն, կա մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդիր՝ կապված թղթադրամների ներկայիս անվանական կազմի օպտիմալացման հետ:

-Օպտիմալացում ասելով՝ նկատի ունեք նոր անվանական արժեքով թղթադրամի ներդնո՞ւմ:

– Նաև: Բացատրեմ. ընդհանուր առմամբ, շրջանառության համար անհրաժեշտ դրամանիշերի (թղթադրամների և մետաղադրամների) անվանական կազմի օպտիմալացումը շարունակական գործընթաց է: Այն պահանջում է փոփոխություններ՝ ելնելով գների և գնաճի մակարդակներից, միջին աշխատավարձի չափից և բազմաթիվ այլ հանգամանքներից: Օրինակ՝ 2002-2003 թթ., շրջանառության մեջ ունենալով 5000 և 20000 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, անհրաժեշտություն առաջացավ ներդնել նաև միջանկյալ 10000 դրամանոց թղթադրամը:

Այսօր, թղթադրամների անվանական կազմը օպտիմալացնելու առումով անհրաժեշտություն է առաջացել շրջանառության մեջ ունենալ նաև 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

-Եթե առկա են, խնդրում եմ հակիրճ ներկայացնել որոշակի հաշվարկներ այդ նոր թղթադրամի ներդնման հիմնավորման համար:

– Կենտրոնական բանկից դուրս կանխիկ դրամի ընդհանուր ծավալում միջին դրամանիշը, մասնագետների հաշվարկով, կազմում է շուրջ 2000 դրամ: Սա նշանակում է, որ վերջինս պահանջված անվանական արժեք է տնտեսության մեջ և, հետևաբար, դրամանիշերի օպտիմալ անվանական կազմ ունենալու համար նպատակահարմար է թողարկել նաև այս անվանական արժեքով դրամանիշ: 2000-անոց դրամանիշը տրամաբանորեն ամբողջացնում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող 20, 200 և 20000 դրամ անվանական արժեք ունեցող դրամանիշերի շարքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչության կողմից առօրյա գնումների և ծառայությունների դիմաց վճարումները հիմնականում իրականացվում են կանխիկ դրամով, և այն, որ մեկ բնակչի հաշվով շրջանառությունում առկա է շուրջ 5 հատ 1000 դրամանոց թղթադրամ, մասնագետները գնահատում են, որ 2000 դրամանոցի ներդնումը կնվազեցնի թղթադրամների ընդհանուր քանակը ու առավել օպտիմալ կդարձնի քաղաքացիների դրամապանակի պարունակությունը: Իսկ թղթադրամների ընդհանուր քանակի նվազումը, իր հերթին, կնվազեցնի կանխիկ դրամաշրջանառության ապահովման ու սպասարկման ծախսերը:

– Այլ երկրներն ունե՞ն նման փորձ:

– Կանխիկ դրամաշրջանառության կազմակերպման համաշխարհային պրակտիկայում բազմաթիվ երկրներ ունեն միջանկյալ 2, 20, 200, 2000 անվանական արժեքներ: Մասնավորապես Չինաստանը, Ղազախստանը, Շվեդիան, ԱՄՆ-ը, Վրաստանը, Լեհաստանը, Իսրայելը, Իրանը և այլն: 2017 թ. Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը նույնպես նախատեսում է թողարկել 200 և 2000 ռուբլի անվանական արժեքով նոր դրամանիշեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ