Հայաստանի համար կարևոր է, որ Ագրամունտը հեռանա որպես կոռուպցիոներ

92

Հունիսի 26-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը։ Սպասվում է, որ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կամ պետք է ինքնակամ  հրաժարական տա  իր պաշտոնից մինչև հունիսի 26-ը, կամ էլ նստաշրջանի մեկնարկին իմպիչմենթի ենթարկվի։ Հայկական պատվիրակությունն առայժմ ամբողջությամբ ձևավորված չէ։ Սպասվում է, որ մեր պատվիրակությունը կղեկավարի ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը կշարունակի աշխատանքն այդ պատվիրակության կազմում, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ևս։ Ազգային ժողովի խորհրդի այս շաբաթվա նիստում պատվիրակության կազմն, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ ձևավորված կլինի։

Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Նաիրա Զոհրաբյանի հետ։

– Տիկին Զոհրաբյան, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի համար հայկական պատվիրակությունը,  մասնավորապես՝ Դուք ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում։

– Հունիսյան նստաշրջանն աննախադեպ է,  որովհետև ԵԽԽՎ պատմության մեջ առաջին անգամ դրված է ԵԽԽՎ նախագահի իմպիչմենթի խնդիր։ Գիտեք, որ ԵԽԽՎ կանոնակարգը զարմանալիորեն չէր նախատեսում իմպիչմենթի ինստիտուտ, և այս 60 տարիների ընթացքում նման նախադեպ չի եղել։ Բայց Ագրամունտի հետ կապված սկանդալը բերեց նրան, որ ԵԽԽՎ-ն այլևս կանոնադրական փոփոխություններում ամրագրելու է հետկանչի մեխանիզմը։ Կոնկրետ Ագրամունտի հետ կապված երկու սցենար է հնարավոր՝ եթե Ագրամունտը տղամարդ գտնվի և, ինչպես խոստացել էր ապրիլյան նստաշրջանում, հրաժարական դա՝ դա կլինի իր համար ավելի լավ տարբերակ։ Չնայած նա իր խոստումը դրժեց այն ժամանակ և  ճողոպրեց։ Մյուս տարբերակն էլ այն է, որ հունիսի 25-ին՝ կիրակի օրը,  երբ տեղի են ունենում քաղաքական խմբերի բյուրոների նիստերը, ինքը ԵԺԿ-ում ներկայացնի հրաժարական։ Եթե ոչ՝ իր համար բավականին ստորացուցիչ ընթացակարգ կլինի՝ կանոնադրության համապատասխան փոփոխությամբ իրեն կհայտարարվի անվստահություն՝ հատկապես, որ բյուրոն արդեն որոշում ունի,  որ Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ նախագահ չէ և իրավազոր չէ նիստեր վարել ու ԵԽԽՎ անունից հայտարարություններ անել։ Հիմա թե որ տարբերակը կընտրի Ագրամունտը՝ դժվար է ասել։ Հավելեմ, որ բյուրոյի որոշմանը կողմ են  քվեարկել բոլորը՝  բացառությամբ բյուրոյի ադրբեջանցի  ու իսպանացի անդամների։

– Այդուհանդերձ, ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Ագրամունտի հրաժարականի մոտիվը ոչ թե  նրա կաշառակեր լինելու հանգամանքն է, ինչի մասին  հայկական պատվիրակությունն է անընդհատ բարձրաձայնում, այլ Ռուսաստանի Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի աջակցությամբ ռուս պատգամավորների հետ  Սիրիա մեկնելն ու Բաշար Ասադին հանդիպելը։

– Դուք գիտեք, որ երկու շաբաթ առաջ ԵԽԽՎ-ում ստեղծվեց անկախ մարմին՝ ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետ կապված հայտարարությունների և ԵԽԽՎ պատգամավորների՝ տարբեր կոռուպցիոն սկանդալներում ներգրավված լինելու հարցերն ուսումնասիրելու  համար։ Հանձնաժողովում ներգրավված է 3 անաչառ դատավոր։ Հանձնաժողովը քննարկելու է,  օրինակ,  Քրիստոֆեր Շտրասերի  զեկույցը՝ Ադրբեջանում առկա քաղաքական բանտարկյալների հետ կապված, որը տապալվեց ադրբեջանական լոբբիի ջանքերով։ Գիտեք նաև, որ տևական ժամանակ է՝ Միլանի դատախազությունը քննում է ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեյի քրեական գործը, ըստ որի՝ վերջինս Շտրասերի  զեկույցը տապալելու համար Ադրբեջանից ստացել է 2.5 միլիոն եվրո կաշառք։ Զեկույցի շրջանակում հոլովվում են Ագրամունտի, ԵԽԽՎ գործող մի քանի պատգամավորների անուններ։ Ես վստահ եմ որ այդ մարմինն անպայման անդրադառնալու է նաև Ագրամունտի հետ կապված կոռուպցիոն սկանդալներին։ Հույս ունեմ, որ այդ մարմինը քննության առարկա կդարձնի նաև բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարի հետ կապված զեկույցը, ինչպես նաև Ռոբերտ Ուոլթերի հայտնի  զեկույցի նախապատմությունները, որոնք, ըստ իս,  լրջագույն կոռուպցիոն սկանդալներ են պարունակում։

Այո՛,  ճիշտ եք, չնայած բազմիցս մենք խոսել ենք ԵԽԽՎ ամբիոնից Ագրամունտի կաշառված լինելու մասին, չնայած կա գերմանական հայտնի  հասարակական կազմակերպության «Խավիարային դիվանագիտություն» անունով հայտնի զեկույցը, որտեղ Ագրամունտը առաջին տեղում է, այդուհանդերձ՝ այս պահին նրան անվստահություն հայտնելու մոտիվն այլ  է։ Մեզ համար մեծ խնդիր չկա, որովհետև ստեղծված մարմինը անդրադառնալու է կոռուպցիոն բոլոր դեպքերին, իսկ Ագրամունտը կոռուպցիայի առաջամարտիկ է, ուստի ես վստահ եմ, որ այդ հանձնաժողովը կանդրադառնա նաև նրա կաշառակեր լինելու հանգամանքներին։

– Ամեն դեպքում  իմպիչմենթի մոտիվը Սիրիա կատարած այցն է ռուս պատգամավորների հետ, սա հայկական կողմին անհարմար դրության մեջ չի՞ դնում՝ հայ-ռուսական հարաբերությունների իմաստով։

– Մենք մեր օրակարգը բարձրացնելու ենք, խոսելու ենք այն մասին, որ իրեն անվստահություն հայտնելու հիմքում պետք է լինի այն, որ նա շեղվել է ԵԽԽՎ հիմնարար արժեքներից, և կոռուպցիան իր թեթև ձեռքվ դարձել է նոր։  Ես այստեղ խնդիր չեմ տեսնում։ Իսկ այն, որ Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պատվիրակություններն այլ մոտիվացիայով են բարձրացնում նրա հրաժարականի հարցը՝ դա իրենց խնդիրն է։

– Իսկ մեզ համար նրա Սիրիա կատարած այցը խնդիր չէ՞։

– Անկեղծ ասած՝ ես այդ այցի մանրամասներին տեղյակ չեմ, ինձ համար կա մեկ խնդիր՝ նա պետք է հեռանա որպես կոռուպցիոներ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ