Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում շատ լուրջ խնդիրներ են հայտնաբերվել. ՄԻՊ

429

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Tert.am-ի հարցին ի պատասխան, թե տեղյակ են արդյոք Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի ծերերի դժգոհություններից, որ պայմաններն անմխիթար են, ասաց, որ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները մոտ երկու շաբաթ առաջ մանրամասն ստուգումներ են իրականացրել այդտեղ և խնդիրներ արձանագրել:

«Մենք խնդիրներ ենք արձանագրել և՛ հիգիենիկ պայմանների հետ կապված, և՛ դիետիկ սննդի հետ կապված, և՛ սնունդն ուշացնելու հետ կապված և այլն»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ ներկայացրել են առաջարկություններ և պատրաստ են աշխատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

«Ուսումնասիրության արդյունքում մանրամասն վերլուծություն ենք պատրաստել, կոնկրետ, հստակ առաջարկներ, և դրանք արդեն ներկայացված են սոցապնախարարությանը: Ներկայացված է նաև վեր հանված խնդիրները»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ մամուլում հրապարակված խնդիրներին իրենք ծանոթ են, ՄԻՊ աշխատակազմի կողմից ուսումնասիրության մեջ դրանք ևս ներկայացված են, սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ մարդու իրավունքների աշխատակազմում այլ դիրքորոշում կա:

Արման Թաթոյանը նաև տեղեկացրեց, թե տուն-ինտերնատի հարցերը, որոնք համարում է «շատ լուրջ» այսօր քննարկել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ և պետք է առաջիկայում լուծումների վերաբերյալ քննարկումներ ունենան:

«Գնահատականները ես կարող եմ անել, երբ արդեն ստանամ պարզաբանումները և առաջարկների պատասխանները»,- ասաց Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տուն-ինտերնատի տնօրենի կամ նախարարության թերացման հետևանք չեն եղել արձանագրված խախտումները:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ