Ապրիլյան պատերազմում ևս քաջաբար կատարել էր իր մարտական խնդիրը. Արցախում զոհված Նարեկ Գասպարյանին ճանապարհեցին զինվորական կարգով (տեսանյութ)

362

Այսօր զինվորական կարգով հողին հանձվեց հունիսի 17-ին Արցախում հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա զինծառայող Նարեկ Գասպարյանը: Նրա մարմինը Նորք Մարաշ վարչական շրջանի գերեզմանատուն էին տեղափոխել Սուրբ Աստվածածին եկեղեցուց: Մինչ գերեզմանատուն տանելը նրա մարմինը նաև հարազատ տան բակ էին տարել:

Tert.am-ի հետ զրույցում մայոր Զավեն Խաչատրյանը նշեց, որ Նարեկը եղել է բանիմաց և կարգապահ զինծառայող:

«Ինքն իրեն դրսևորել է նաև որպես հերոս. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ևս քաջաբար կատարել էր իր առջև դրված խնդիրը՝ ոսոխին ստիպելով հետ քաշվել։ Իր մարտական ընկերները, զորամասի ողջ անձնակազմը ասում են՝ իրեն բացակա չեն դնելու»,-շեշտեց նա:

Զոհված զինծառայողի հարազատները և հարևանները պատմեցին, որ Նարեկը ապրիլին մարտական գործողություններին մասնակցել է Թալիշում, մեկ ամիս առաջ Արցախում տոնական միջոցառումների ժամանակ պարգևատրվել է Արցախի ՊԲ հրամանատարի կողմից:

Զինծառայողի հարևաններից Աշոտ Գևորգյանը նշեց, որ Նարեկի հոր հետ միասին ապրիլյան պատերազմին մասնակցել են որպես կամավոր, եղել են Նարեկի կողքին:

«Միշտ խիզախություն է ցուցաբերել, սահմանային իրավիճակի մասին խոսել չէր սիրում, ապրիլին էլ, եթե մասնակից չլինեինք, մանրամասներ չէինք իմանա։ Աստված անի, վերջին զինվորի մահը սգանք»,-շեշտեց նա:

Հարևաններից Միսակ Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ զինծառայողը «օտպուսկ» էր եկել 2 ամիս առաջ, զորացրվելու էր հուլիսի 14-ին: Նարեկը երկու քույր, մեկ եղբայր ունի:

Հիշեցենք, որ հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել էր հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում էր ստացել Նարեկ Գալստյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մանրամասները՝տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ