«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Մարինա Մարգարյանի ելույթը՝ ԱԺ-ում

140

-Մեծարգո նախագահություն, մեծարգո գործընկերներ, մեծարգո կառավարության անդամներ, ծրագիրը շատ համապարփակ է եւ ես կանգ կառնեմ միայն երկու ոլորտի հայեցակարգերի վրա։ Դա առողջապահությունն է եւ կրթությունը։

Ինչ վերաբերում է առողջապահական ոլորտին ասեմ, որ ծրագրում նպատակադրվել է զարգացնել լաբորատոր համակարգը։ Սակայն լաբորատոր համակարգի զարգացումը, ըստ ծրագրի, պատկերացվում է գրասենյակային հարցերի լուծումը։ Ի սկզբանե դրված չէ լաբորատոր սարքերի ձեռքբերումը, նոր ռեագենտների ձեռքբերումը, որակյալ կադրերի, լաբորանտ բժիշկների պատրաստումը, ինչպես նաեւ պատրաստել հատուկ բժշկական տեխնիկա սպասարկող ինժեներներ։

Հաջորդը դա կենտրոնացված գնումների համակարգն է։ Տարիներ շարունակ գնումները կատարվում են կենտրոնացված եւ ապացուցվել է, որ կա երկու շատ կարեւոր հանգամանք։ 1-ինը, որ բյուրոկրատական բազմաստիճանությունը բերում է նրան, որ արգելափակվում է բժշկական գործունեությունը, որովհետեւ շատ դեպքերում հարկավոր է անհապաղ ձեռք բերել դեղորայք եւ ինչ-որ սարքավորումներ, բայց դա համակարգը թույլ չի տալիս։ Եվ եթե ապահովել որակյալ բուժօգնություն, ապա պետք է բուժհաստատությունը դիմի անօրինությունների։

Հաջորդ համակարգն այն է, որ օգտագործվում է տենդերային սկզբունքը եւ գնվում են գործիքներ, սարքավորումներ, որոնք ունեն ավելի էժան գին, բայց բոլորիս էլ պարզ է, որ այն դեղորայքը, սարքավորումը, որ ունի էժան գին, դա անորակ սարքավորում է եւ դեղորայք։ Իմ կարծիքով առողջապահության օրենսդրության մեջ հարկավոր է կատարել փոփոխություններ, որպեսզի անհապաղ բուժօգնություն ցուցաբերելու համար մշակվեն հատուկ չափորոշիչներ։

Հաջորդ կետը դա պրոտոկոլային բուժօգնության ձեւավորումն է։ Իհարկե ողջունելի է, սակայն Հայաստանի պայմաններում հարկավոր է այդ հարցին մոտենալ զգուշորեն, որովհետեւ կարեւոր է հաշվի առնել այսօրվա եւ վաղվա փաստացի իրադրությունը։ Մենք դեռ չունենք չափորոշիչներ, թե ինչպիսի մոտեցումներ պետք է լինեն այդ պրոտոկոլների ստեղծման համար։ Դա հաշվի ենք առնում այսօրվա մեր ապահովվածությունը։ Եթե հաշվի առնենք այսօրվա մեր փաստերը, ապա մենք չենք համապատասխանի եվրոպական ստանդարտներին։ Իսկ եթե համապատասխանենք, եվրոպական ստանդարտներով կազմենք այդ պրոտոկոլները,  ուրեմն, մենք կունենանք խնդիրներ, քանի որ մարզերում դեռ սարքավորումներով մեր բուժկենտրոնները լիարժեք կահավորված չեն։ Նույնը Երեւան քաղաքում շատ հիվանդանոցներ չունեն լիարժեք սարքավորումներ։ Այդ դեպքում այդ պրոտոկոլը հնարավոր չի լինի կետերով կատարել եւ այստեղ արդեն մենք կունենանք իրավախախտումներ։

Հաջորդը՝ դա նույն նախագծում նկատի ունեն հավասարաչափ մասնագետների բաշխումը տարբեր բուժկանխարգելիչ հաստատություններում։ Ինչպե՞ս  է պատկերացնում առողջապահության նախարարությունը, երբ մեծամասամբ բուժհաստատություններն արդեն սեփականաշնորհված են եւ տվյալ բուժհաստատությանն ասում են, որ այդ մասնագետի դրույքը չես բացելու, որովհետեւ այդ դրույքը պետք է բացի մեկ այլ բուժհաստատություն։ Դա ուղղակի ուտոպիա է։

Ինչ վերաբերում է կոնցենսիոն ղեկավարման սկզբունքներին, ապա հետաքրքիր է պե՞տք է մասնակցի առողջապահության նախարարությունը կամ էլ այն բուժհիմնարկների աշխատողները, որոնք գնալու են դեպի սեփականաշնորհում։ Եթե այդպիսի գործընթաց չիրականանա, ապա մենք նույնպես կունենանք մոնոպոլ ղեկավարում։

Ինչ վերաբերում է առողջապահությանը, դա օնլայն բժիշկների օնլայն գնահատումն է հիվանդների կողմից եւ հեռաբժշկությունը։ Այս նախագիծն էլ հակադրվում է բժշկական գաղտնիքի երդմանը եւ մասնավոր կյանքի գաղտնիությանը։ Այսինքն՝ այս կետը ոչ թե կբերի դրական արդյունքների, այլ կբերի բացասական արդյունքների։

Ինչ վերաբերում է կրթական ոլորտին, ապա մեր փոքր հանրապետությունում ունենք 5-6 բժշկական ուսումնական հաստատություններ։ Գաղտնիք չէ, որ այդ բժշկական հաստատությունները չունեն լիարժեք գիտամանկավարժական ներուժ եւ իրենք պատրաստում են անորակ բժիշկներ։ Շատ դեպքերում իրենք մեզ մատուցում են հեռակա ուսուցում։ Օրինակ, տարվա սկզբին, մի քանի նախադեպ գիտեք՝ կապված բժշկական մասնավոր հաստատությունների հետ, որ տրվել են դիպլոմներ այն անձանց, ովքեր բացակայում են հանրապետությունից եւ անգամ չեն մասնակցել պետական քննություններին։ Բայց այդ հարցը կոծկվեց եւ ինչ-որ միջոցառումներ տեղի չունեցան։ Եթե կրթական համակարգը նախատեսում է կրթության որակի արդյունավետության բարձրացում, ապա ինձ թվում է, որ այդ բժշկական հաստատությունները պետք է ուղղակի փակվեն, որովհետեւ, եթե իրենք անցնան հավատարմագրությանն, ինչպես մի քանի տարի առաջ անցան լիցենզավորման համակարգը, այստեղ գործում է զուտ կոռուպցիոն համակարգ։ Գիտեք, թե ինչ ձեւերով նրանք ստացան լիցենզիաները եւ շարունակեցին իրենց աշխատանքը։ Ինչքանով հիմա մենք պետք է դրանից ձերբազատված լինենք, որ նույնկերպ նրանք չստանան իրենց լիցենզիաները։ Այսքանը, շնորհակալություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ