«Անձն իր չափով է ազդում գործընթացների վրա, համակարգը` իր»

101

Ազգային ժողովում, ընդդիմադիրների բուռն քննադատության մթնոլորտում, կառավարությունն այս շաբաթ հաստատեց իր ծրագիրը։ «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը քարը քարին չթողեցին, «կենացային», «հռչակագրային» որակեցին Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության ծրագիրը և թերահավատորեն վերաբերվեցին նրա բոլոր խոստումներին։ «Ծառուկյան» խմբակցության անդամ, գյումրեցի ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հարցրինք` ծրագրում ոչ մի դրական բան չկա՞ Գյումրու համար։

-Գյումրու և Շիրակի մարզի զարգացման համար ոչ մի դրական միտում չկա,- ասաց պատգամավորը։– Իրավիճակի բարելավմանը միտված։ Նման տնտեսական աճով հնարավոր չէ լուրջ ակնկալիքներ ունենալ։ Մեր խմբակցության և վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես նրան ասացի, որ եթե Գյումրիում չենք ստեղծում ներդրողների համար հրապուրիչ միջավայր, մեր սեփական բյուջեով էական հաջողության չենք կարող հասնել։
-Իսկ այն բյուջեն, որն ունի այսօր Գյումրու քաղաքապետարանը, արդյունավե՞տ է օգտագործվում։
-Այժմ չեմ կարող ասել` արդյունավե՞տ են օգտագործվում բյուջեի գումարները, բայց իմ այսօրվա կարգավիճակը հնարավորություն է ընձեռում վերահսկողություն սահմանելու բյուջեի ծախսերի վրա։ Առաջիկայում, երբ ուսումնասիրենք այդ միջոցների օգտագործումը, Ձեզ անպայման կիրազեկեմ։ Բայց, որպես քաղաքապետի նախկին թեկնածու, ես Գյումրու խնդիրները կսկսեի լուծել ծայրամասերից։
-Ինչպե՞ս եք գնահատում Գյումրու քաղաքապետի աշխատանքը։
-Իհարկե վատ։ Եթե նորմալ աշխատանք լիներ, ժողովուրդը գոհ կլիներ։ Եթե գնաք Գյումրի, կտեսնեք, թե ինչեր են այնտեղ կատարվում։ Եթե Հայաստանում 30 % աղքատություն կա, ապա Գյումրիում կրկնակի մեծ է այդ ցուցանիշը։
-Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմնակիցները կարծում են, որ նրա ժամանակ է քաղաքը քաղաք դարձել։
-Եթե կողմնակից են, իհարկե, պետք է այդպես խոսեն։ Բայց այս կամ այն չինովնիկի աշխատանքի իրական գնահատականը տալիս է քաղաքում տիրող մթնոլորտը։
-Այդուհանդերձ, կառավարությունը խոստանում է 5 %-ով աճ, աշխատավարձերի 25 %-ով բարձրացում, գործազրկության նվազում։ Մի՞թե սրանք դրական քայլեր չեն։
-5 %-ով աճը չի կարող առկա վիճակից փրկություն լինել։ Ժողովուրդն ինչքա՞ն կարող է սպասել։ Հասկանում եմ, որ պետություն չեն ստեղծում մեկ սերնդի համար, բայց ինչքա՞ն կարող է ժողովուրդը համբերել, հավատալ ու սպասել։ Մարդիկ ոչ մի դրական քայլ չեն տեսնում, ինչպե՞ս կարող են հավատալ կառավարությանն ու նրա ծրագրին։
-Ի՞նչ եք սպասում իշխող քաղաքական ուժից։
-Շատ ոլորտներում հեղափոխական մոտեցում են ցուցաբերում։ Այստեղ է հարկավոր հեղափոխական մոտեցում, որ ժողովուրդը հավատա խոստումներին ու մնա իր երկրում։ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի 15 կետերը կարող էին երկիրը լիովին փոխել ու վերականգնել մարդկանց հավատը։
-Բայց հասարակությունն այդ աստիճանի չհավատաց ձեզ ու ձեր ծրագրին, այլապես դուք հիմա իշխանություն կլինեիք։
-Թե ինչու չվստահեց, պետք է հարցնեք հասարակությանը։ Վստահել է այն չափով, որ մենք երկրորդ ուժն ենք խորհրդարանում։ Մենք առաջարկում էինք իրատեսական ծրագիր, որը շատ կարճ ժամանակահատվածում իրական արդյունքներ էր ապահովելու։
-Ի՞նչ եք կարծում` անձե՞րն են պատճառը, թե՞ համակարգը, որ մեր երկրի տնտեսական վիճակը բարվոք չէ, վստահության մթնոլորտ էլ չկա։
-Կարծում եմ` ստեղծված իրավիճակը և՛ անձերով, և՛ համակարգով, և՛ մոտեցումներով է պայմանավորված։ Անձն իր չափով է ազդում գործընթացների վրա, համակարգը` իր։

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ