Հայերի հիմնական մասն այս տարի նախընտրում է հանգիստը Հունաստանում

243

Ամառային հանգստի ժամանակը մոտեցել է և Tert.am-ը հայաստանյան տուրիստական գործակալություններից փորձել է պարզել, թե հայերը հիմնականում որտեղ են ցանկանում անցկացնել  հանգստյան օրերը:

Օրինակ՝ «Ջոյ տուր» տուրիստական գործակալության տնօրեն Լիլիթ Ալեքսանյանը նկատեց, որ Հայաստանից ամառային հանգստի մեկնողներն այս տարի հիմնականում Եգիպտոսն են նախընտրում: Նա քաղաքացիների նախընտրություն պատճառներից մեկը համարում է համեմատական կարգով գների մատչելիությունը:

«Կոնկրետ այս ամռանը Երևանից թե՛ կանոնավոր, թե՛ չարտերային թռիչք կա, որը նախկինում մենք չունեինք: Կարծում եմ՝ սա նույնպես նպաստել է, որ դեպի Եգիպտոս ուղղությունը զարգանա»,- ասաց նա:

«Մերի տուրի»-ի աշխատակից Ռուզաննան էլ ասաց, թե կոնկրետ իրենց դիմողների հիմնական հատվածը ցանկանում է մեկնել Իսպանիա ու Հունաստան:

Իսկ «Հայք տուր» ընկերությունը, որն աշխատում է նաև վրացական ուղղությամբ,  փաստում է, որ հիմնականում ցանկանում են մեկնել Վրաստանի տարբեր քաղաքներ: Գործակալության աշխատակից Լիլիթ Սահակյանը նշեց, որ իրենց մոտ 2-րդ տեղում կրկին Հունաստանն է:

«ՌՈՒՄԷԱ» տուրիստական գործակալության աշխատակից Սյուզի Մնացականյանն էլ իրենց գործակալություն դիմողների ցանկություններից ելնելով ասաց, թե հայերը մեկնում են Դուբայ, Եգիպտոս: Սակայն նա շեշտեց՝ 60 տոկոսից ավելին ցանկանում է մեկնել Հունաստան:

«Հունաստանը շենգեն գոտում է, և այլ եվրոպական երկրների համեմատ մատչելի է:  Մարդիկ նախընտրում են Հունաստանը նաև ծովային հանգստի պատճառով»,- ասաց Սյուզի Մնացականյանը:

Նույն պատկերն է «ԱԷՐՈԼԵՆԴ» տուրիստական գործակալությունում, քանի որ այնտեղ դիմողներն էլ հիմնականում ցանկանում են հանգստանալ Հունաստանում: Այստեղ Հունաստանին հաջորդում է Իսպանիան, հետո՝ Եգիպտոսը:

«Գլոբուս տուրս» տուրիստական գործակալության հաճախորդներն էլ հիմնականում Հունաստանում են նախընտրում հանգստանալ:

Այս ընկերություններից ներգնա տուրիզմով զբաղվողները հավելեցին, որ Հայաստան այցելողների մեջ էլ ակտիվություն կա: Նրանց խոսքով՝ այս տարի Հայաստան այցելողների շարքում ակտիվ են չինացիները և ՌԴ քաղաքացիները :

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ