Երբեք նման բան չեմ տեսել. Լեդի Գագայի արձագանքն Ալբերտ Ավդոլյանի որդու շքեղ հարսանիքին (տեսանյութ)

896

Լոս Անջելեսի Dolby Theatre-ի շքեղ դահլիճում, որտեղ ամեն տարի կայանում է հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը, կազմակերպվել է հայազգի մեծահարուստ Ալբերտ Ավդոլյանի որդու շքեղ հարսանիքը, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև Լեդի Գագան:

Instagram-ում հայտնված տեսանյութերից մեկում համաշխարհային ճանաչում վայելող երգչուհին, նստելով դաշնամուրի առաջ, անկեղծորեն ասել է, որ երբևէ նման ճոխ հարսանիք չի տեսել:

«Այնքան ուրախ եմ այստեղ լինելու համար, ինչ գեղեցիկ հարսանիք է: Կյանքումս երբեք նման բան չեմ տեսել, ամեն ինչ շատ առանձնահատուկ է: Ես այս դահլիճում «Օսկար»-ի ժամանակ էլ եմ եղել, ու վստահ կարող եմ ասել, որ նման բան չեմ տեսել»,-ոգևորված ասել է երգչուհին, ինչին ի պատասխան հյուրերը սկսել են ծափահարել:

Փեսայի՝ Գասպար Ավդոլյանի ընտրյալը ռուսաստանցի խոշոր գործարար Էլդար Օսմանովի դուստրն է՝ Լոլիտա Օսմանովան:

Հայտնի է, որ միջոցառումը վարել են Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը: Մինչդեռ հյուրերին իրենց ելույթներով զվարճացրել են Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովն ու Լեդի Գագան, որոնք սովորականից ավելի են վարձատրվել:

Աղբյուրը նկատում է, որ հարսանիքն իրոք շատ ճոխ կազմակերպված է եղել: Հսկայական ծաղկային կոմպոզիցիաներով զարդարված աստիճաններին հյուրերին դասական երաժշտության հնչյունների ներքո դիմավորել են ջութակահարները: Մինչդեռ հարսնացուի գերշքեղ զգեստի անվերջանալի թվացող պոչը գեղեցիկ թափվել է աստիճանների վրա:

Հետաքրքրական է, որ հյուրերի թվում եղած հայտնի ոսկերիչ Լորի Ռոդկինը, չկարողանալով զսպել ոգևորությունը, Instagram-ի իր էջում գրել է. «Չեմ կարողանում մինչև վերջ հասկանալ՝ Ռուսաստանո՞ւմ եմ, թե՞ Հայաստանում, իսկ միգուցե «Ձայնի» հայկական շոուի՞ն»:

Ինչ վերաբերում է ճոխ արարողության վրա ծախսված գումարին, ապա ստույգ թիվը հայտնի չէ: Նշվում է միայն, որ ծաղկային զարդարանքների համար վճարվել է կես մլն դոլար, ևս 2 մլն վճարվել է ելույթ ունեցած արտիստներին:

Աղբյուրը հավելում է, որ 46-ամյա Ալբերտ Ավդոլյանը, որը ծնվել է Կրասնոդարում, «ՍԿԱՌՏԵԼ» ընկերության սեփականատերն է, ինչպես նաև «Yota»-ի բաժնետերը: Գործարարն ունի 4 երեխա: Այժմ նա կնոջ հետ ապրում է Բևեռլի Հիլզում, որտեղ 13 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունի:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ