Կառավարությունը գումար է հատկացնում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպչական ծախսերի համար

162

ՀՀ մշակույթի նախարարությունը կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված նախագծի ունի, որով առաջարկվում է գումարներ հատկացնել համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչների և կինոփառատոնին մասնակից պատվիրակությունների հրավերների, կազմակերպչական ծախսերի և այլ նպատակների համար:

Մասնավորապես՝ փառատոնի կազմակերպման և անցկացման մասնակի ծախսերն իրականացնելու նպատակով հատկացված ավելի քան 50 մլն դրամ գումարից 19 մլն. 301  հազ. դրամը ուղղվելու է պատվիրակությունների ընդունման և ֆիլմերի երկկողմանի տեղափոխման հետ կապված փոստային կապի ծառայություններին, իսկ 31 մլն. 198 հազ. դրամը՝ փառատոնին բնորոշ հատուկ ծախսերի գործընթացին` հյուրերի փոխադրմանը (նրանց համար հարմարավետ պայմաններով), արտասահմանյան ֆիլմերի ընտրությանը, հեղինակային իրավունքի ձեռքբերմանը, ինչպես նաև այլ հրատապ կազմակերպական և տեխնիկական աշխատանքների կատարմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում տարեկան 4000-ից ավելի միջազգային կինոփառատոներ են կազմակերպվում, և կինոաշխարհում հեղինակություն վայելող կինոգործիչները մեծ պահանջարկ ունեն գրեթե բոլոր կինոփառատոների և կինոինստիտուտների կողմից, հիմնականում որևէ փառատոնի հյուրընկալվելու նրանց որոշումը կայացվում է փառատոնի մեկնարկից ոչ ավելի, քան մեկ ամիս առաջ:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպման նպատակով կարիքները (ապրանքի մատակարարում, աշխատանքի կատարում կամ ծառայության մատուցում) պետք է ամբողջ ծավալով բավարարվեն` պայմանագրերի կատարման արդյունքներն ամբողջ ծավալով պետք է ընդունվեն գնման պահանջի ծագման օրվանից հաշված այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:

Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպության կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները կատարել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառումն անցկացվելու է 2017 թվականի հուլիսի 9-16-ը ներառյալ:

«Որոշման նախագծի ընդունումը կնպաստի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի անխափան և պատշաճ մակարդակով անցկացմանը, համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչներին և մասնակից պատվիրակություններին հայ մշակույթի ներկայացմանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին համաշխարհային կինոարվեստի լավագույն ֆիլմերի հաղորդակցմանը»,-նշված է կից ներկայացված հիմնավորման մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ