Երեխայի մահը շահարկումից դուրս է

330

Երկու օր առաջ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը եւ մեր զինված ուժերի համաչափ պատասխանը կրկին սրելու է իրավիճակը ռազմաճակատում: Կարծում եմ՝ գործը լայնամասշտաբ պատերազմի դարձյալ չի հասնի, բայց որ կլինեն բախումներ, եւ, ցավոք, կլինեն նաեւ զոհեր երկու կողմերից՝ դա, ինձ թվում է, անխուսափելի է: Խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելը եւ հետո վայնասուն բարձրացնելը միջազգային պրակտիկայում ընդունված մարտավարություն է եւ (կարծում եմ` անարդարացիորեն) կրում է ազգերից մեկի անունը: Միտումնավոր չեմ կրկնի այդ եզրը՝ այդ ժողովրդին չվիրավորելու համար:

Իսկ ընդհանրապես ուզում եմ խոսել բոլոր ազգերի հանդեպ հարգալից վերաբերմունքի մասին, բոլոր, այդ թվում՝ ադրբեջանցիների եւ թուրքերի: Նրանց երկու պետությունների նպատակը մեզ հայտնի է՝ այդ երկրների ղեկավարները ոչ թե Արցախն են ուզում, նրանք ուզում են, որ մենք` հայերս, այս տարածաշրջանում չապրենք: Այդ նպատակն է հետապնդում թուրքական պետությունը շատ երկար ժամանակ` ավելի քան մեկ դար: Մենք այդ նպատակներին հակադրվելու համար ստիպված ենք ուժ կիրառել, ինքնապաշտպանվել: Եթե մեզ վրա կրակում են, մենք էլ պետք է կրակենք, եթե հակառակորդի զինվորը փորձում է մոտենալ մեր դիրքերին, նրան պետք է ոչնչացնել: Բայց ազգի հանդեպ ատելությունը, ամբողջ ազգից վրեժ լուծելու ձգտումը չպիտի մթագնի մեր ուղեղը: Նախ` այն պատճառով, որ պատերազմը սառնասրտություն է պահանջում: Երկրորդ՝ ինձ թվում է, մենք կռիվ ենք տալիս ոչ միայն մեր հողի համար կամ հանուն մեր բնակչության պաշտպանության, մենք կռվում ենք նաեւ հանուն այն արժեքների, որոնցով մենք` հայերս, ցանկանում ենք ներկայանալ աշխարհին եւ, ինչու չէ, դարձնել այդ աշխարհը ավելի բարի եւ հանդուրժող:

Դա է պատճառը, որ երբ ադրբեջանցին (ենթադրենք, մեր կայքում որպես մեկնաբանություն) գրում է «դուք` հայերդ…», իսկ դրանից հետո նշում է որեւէ բացասական հատկանիշ, ես ուղղակի ջնջում եմ այդ մեկնաբանությունը եւ երբեք չեմ պատասխանում՝ «այդ դուք՝ ադրբեջանցիներդ եք…»: Որովհետեւ չեմ կարծում, որ որեւէ բացասական (եւ, իհարկե, նաեւ դրական) հատկանիշ կարելի է վերագրել ամբողջությամբ որեւէ ազգի: Դա է նաեւ պատճառը, որ երբ պատերազմի զոհ է դառնում ադրբեջանցի երեխան, դա ինձ համար նույնքան ցավալի է, որքան հայ կամ որեւէ այլ ազգի երեխայի մահը: Հակառակորդը դա շահարկում է քաղաքական նպատակներով, բայց երկու տարեկան երեխայի մահը, իմ կարծիքով, դուրս պետք է լինի որեւէ շահարկումից: Ես չեմ հավատում, որ մոտ ժամանակներս հնարավոր է խաղաղություն հաստատել մեր ժողովուրդների միջեւ: Բայց հնարավոր է մարդ մնալ նաեւ պատերազմի պարագայում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ